Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


— Ռայա՜․․․ ռայա՜․․․

Այսինքն անձնատուր ենք լինում կամ հպատակում ենք։

Բայինդուր իշխանը և նրա հետ շատերը այն կարծիքը հայտնեցին, թե պետք է բոլորին կոտորել, բայց ծերունի զորապետը ընդդիմացավ, հրամայելով, միայն զինաթափ անել և գերի վերցնել։ Թշնամու անասունները, սայլակները և ահագին քանակությամբ ռազմամթերք ընկան հայերի ձեռքը։ Այդ ճակատամարտի մեջ հայերը կորցրին մոտ 300 հոգի, բայց թշնամուց սպանվածների թիվը 2․000-ից ավել կլիներ, չհաշվելով վիրավորներին, որ համեմատաբար խիստ շատ էին։

— Այդ բոլոր ղալմաղալի մեջ, — ասաց Բայինդուր իշխանը մոտենալով ծերունի զորապետին, — մի ուրախալի բան կա միայն, որ մենք ձեռք ձգեցինք թշնամու թնդանոթները, որ մենք չունեինք։

— Այդ ուղիղ է, բերդը պաշարելու ժամանակ հարկավոր կլինի մեզ, — պատասխանեց ծերունի զորապետը իր սովորական բարի ժպիտով։ — Ես կարծում եմ, որ Բեկն էլ շատ գոհ կլինի դրանով․ նա սիրում է թշնամու զենքերը խլել, հետո իր դեմ գործ դնել։

— Բայց ո՞րտեղ մնաց այդ Բեկը, չէ երևում, — հարցրեց Բայինդուր իշխանը իր շուրջը նայելով, կարծես Բեկը նրանց հետ լիներ։

Դեռ ծերունի զորապետը չպատասխանած, հայտնվեցավ մի սուրհանդակ, որը հաղորդեց, թե Բեկը Թորոս իշխանի հետ և իրանց մոտ ունեցած զորքերով մտան կիրճի մեջ, այնտեղից անցնում են դեպի բերդը գնալու համար։ Նա ավելացրեց, որ Բեկին արդեն հայտնի էր կատարված հաղթությունը, և այդ պատճառով նա աներկյուղ կերպով մտավ կիրճի մեջ, գիտեր, որ ճանապարհը թշնամիներից մաքրված է։

— Իսկ Մխիթար սպարապետից լուր չունե՞ք, — հարցրեց սուրհանդակից ծերունի զորապետը։

— Ունեմ, նա էլ մի գեղեցիկ հաղթությունով դուրս է եկել Կարա-բուրունի անցքից, որ բռնած էր թշնամիներով։ Այժմ բերդին հասած կլինի սպարապետը։

— Իսկ մենք ի՞նչ սպասելիք ունենք, — ասաց Բայինդուր իշխանը, և հրաման տվեց ճանապարհ ընկնելու։

Գերիների թևքերը կապեցին չվաններով, նրանցից խլած ռազմամթերքը բարձեցին նրանց սայլակների վրա, նույն սայլակների վրա տեղավորեցին և հայ վիրավորներին, հետո ճանապարհ ընկան։