էր, միայն հողից թափված։ Այդ պատնեշի մոտով, խորին, բնական խրամատների միջով, որոտալով, քարերին և ժայռերին զարկելով, անցնում էին Հալիձորի և Գեղվա գետերը, որոնք նույն իսկ բերդի ստորոտում միանում էին, նրա դիրքը ավելի անմատչելի կացուցանելու համար։
Միջնաբերդի մեջ այդ միջոցին տիրում էր կատարյալ իրարանցում։ Կարծես, մի չար մարգարեի գուշակությամբ մարդիկ համոզված լինեին, թե ահա մի քանի րոպեից հետո աշխարհս կկործանվի, և ամեն ինչ կլուծվի, կկորչի հավիտենական ոչնչության մեջ։ Ամեն ոք սարսափելի տագնապով սպասում էր վճռական րոպեին։ Խանի կանանոցի մեջ հուսահատությունը ավելի սոսկալի էր։ Չնայելով, որ գիշերից բավական անցել էր և այդ ժամուն բոլոր խանումները հագնստացած էին լինում իրանց փափուկ օթյակներում, իսկ այդ գիշեր դեռ ոչ ոք քնած չէր։ Նրանք ընթրիք անգամ չէին վայելել։ Բազմածախ խոհանոցի բոլոր պատրաստությունները պղնձե մեծ մատուցարանների վրա սառչում էին։ Ներքինիները իրանց շողոքորթության բոլոր հմտությունով մնացել էին շվարած։ Նրանք չգիտեին ինչո՞վ մխիթարել, ինչո՞վ հանգստացնել տիկիններին։
Այդ միջոցին մանկահասակ խանումներից մեկը, իր շքեղազարդ օթյակում, խելագարի նման, մի անկյունից դեպի մյուսն էր վազում, ինքն էլ չգիտեր, թե ինչու համար։ Նրա գլխին քող չկար․ մետաքսյա նեղ վարսակալը միայն հավաքել էր ճոխ գիսակները գեղեցիկ գլխի վրա, որոնք առանց հյուսերի թափվել էին կիսամերկ ուսերի վրա, ծածկում էին նրա դալար մեջքը։ Դեմքը գունաթափ էր․ աչքերի մեջ վառվում էր տենդային երկչոտություն։ Նա մոտեցավ պատուհանին, դողդոջուն մատներով բարձրացրեց վարդագույն-թավշյա վարագույրը։ Այնտեղից վեր առեց մի փոքրի արկղիկ, որ Սպահանի ընտիր գործ էր հիանալի քանդակներով։ Նա դրեց արկղիկը գորգի վրա, ինքը նստեց նրա մոտ։ Փոքրիկ բանալին պտտվեցավ նրա նուրբ մատիկների մեջ, արկղիկը բացվեցավ։ Նրանում, կարծես, թաքցրած լինեին երկնքի աստղերի ամենագեղեցիկները, որոնք իսկույն փայլել սկսան ճրագի լույսի առջև։ Դրանք գոհարներ էին, որոնք ոչ միայն հանդիսավոր օրերում, այլ հասարակորեն զարդարում էին գեղեցիկ կնոջ բազուկները, մատները, կուրծքը, պարանոցը և մինչև անգամ ոտների սրունքները։
Այդ արկղիկի մեջն էր ամփոփված նրա ուրախությունը, դրանով էր գնել անտանելի ամուսինը նրա սերը։ Իսկ այժմ երկար մի