Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


միայն լռություն են պահանջում։ Այն խոսքերը, որոնցմով աշխատում էիք հուսահատեցնել ինձ, թեև չհաջողվեցավ ձեզ, — կարող են ավելի հեշտությամբ հուսահատեցնել իմ զորապետներին։ Նրանց մոտ ոչինչ մի խոսեցեք։

Նա դուրս եկավ սենյակից։ Վշտացած վեզիրը լուռ մտախոհության մեջ հետևում էր նրան։ Ամրոցի բակում մի խումբ ծառաներ, վառած ջահերը ձեռներին բռնած, սպասում էին նրան։ Երբ տեսան իրանց տիրոջ հայտնվելը, կարգով շարվեցան նրա առջև, լուսավորեցին նրա ուղին։ Խանը դիմեց դեպի մեծ դահլիճը, ուր այդ միջոցին հավաքված էին նրա զորապետները և նշանավոր պաշտոնակալները։ Բոլորը ընդունեցին նրան ընդհանուր երկրպագությամբ։ Նա նստեց իր պատշաճավոր տեղը, մնացածները ոտքի վրա կանգնած, լռությամբ,սպասում էին լսել նրա հրամանը։ Նա հանդիսավոր կերպով սկսեց խոսել, թե ի՜նչ եզրակացությունների հասցրեց իր և վեզիրի հետ ունեցած համաձայն խորհուրդը։ Եվ սկսեց հրահանգներ տալ, իհարկե, բոլորովին հակառակ վեզիրի կարծիքին։ Իր փոքրիկ ճառը նա վերջացրեց այս խոսքերով․

— Առավոտյան նամազը կատարելուց հտո, մենք կսկսենք կռիվը նրանով, որ այդ բերդում գտնված բոլոր հայ բնակիչների գլուխները կդնենք մեր թնդանոթների մեջ և կարձակենք դեպի թշնամու բանակը․․․

Բոլորը ուրախությամբ ընդունեցին խանի հրամանը, և մինչև գետին երկրպագելով, սկսեցին օրհնել նրա կյանքը։

Վեզիրը լուռ կացավ․ ոչինչ չխոսեց։

ԺԷ

Գիշերային խավարը սկսել էր թանձրանալ։ Աստղերը այլևս չէին երևում։ Սյունյաց աշխարհի քմահաճ երկինքը, սյունեցի ամոթխած կնոջ նման, սիրում է շուտ-շուտ իր գեղեցիկ դեմքը թաքցնել։ Սպիտակ ամպերը նուրբ քողի նման ծածկել էին երկնքի երեսը։ Աստղերի փոխարեն վառվում էին հայոց բանակատեղերում զինվորների բացօթյա խարույկները։ Նրանք սփռում էին իրանց շուրջը խիստ ախորժ լուսավորություն, որով կարելի էր տեսնել զինվորների ուրախ դեմքերը, որոնք կրակի շուրջը նստած կամ երգում էին, կամ զրուցում էին և կամ ծառերի ճյուղերից պատրաստած