Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իրան չխանգարեն։ Ճանապարհորդական փոքրիկ, ծալովի լապտերը լուսավորում էր վրանի ներսը։ Նա փաթաթված էր իր հաստ վերարկուի մեջ, որ ծառայում էր նրան և՜ որպես օթոց, և՜ որպես վերմակ։ Ձեռքը ծնոտին դրած, թեք էր ընկած թանձր թաղիքի վրա, որ տարածված էր ճախնային ցամաք բույսերի վրա։ Մի քանի պահապաններ շրջապատել էին նրա վրանը, և հեռու նստած, ծխում էին։ Իսկ թիկնապահները քնած էին առանձին վրանում, մի քանի քայլ հեռավորության վրա․ այստեղ ճրագ չէր վառվում։

Կոշտ, խստասիրտ զինվորը այս գիշեր դարձել էր փափկասիրտ, զգայուն, երևակայող։ Նրա հիշողության մեջ, մինը մյուսից հետո, զարթնում էին այն օրվա տխուր տպավորությունները, և լցնում էին նրա սիրտը ցավալի զգացմունքներով։ Հաղթության աջողությունը չէր ուրախացնում նրան․ նա հաղթություններ շատ էր արած։ Նրան տխրեցնում էր իր հայրենիքի խորտակված փառքը և ներկա թշվառությունը։

Մինչև Զեվու բերդը հասնելը, նա իր զորքով անցել էր Հալիձորի միջով, որտեղից հոսում է նույն անունով գետը։ Այդ խուլ, անդնդախոր ձորը կարելի է նմանեցնել մի երկայն, անվերջանալի նեղ փողոցի, որի աջ և ձախ կողմերից, հսկայական բարձրությամբ, կանգնած են պատի պես ուղղաձիգ, անտառապատ լեռներ։ Այդ վիթխարի լեռների վրա նայելիս, մարդ կարծում է, թե ծառերը բուսել են ամպերի վրա։ Այդ նեղ փողոցը, այդ մթին ձորը, այն անցքն է, որ տանում է դեպի Սյունյաց աշխարհի ներսը։ — Դա Սյունյաց մեծ տան ահագին դալանն (կորիդոր) է։ Մեր նախնիքը նրան կոչում էին Կապան[1] և այդ անունով կոչվում էր ամբողջ անտառապատ գավառը, ուր բնակվում էին հայ մարդիկ, որ շատ չէին զանազանվում իրանց ծմակներում բնակվող վագրներից։

Կապա՜ն, այդ փոխաբերական բառի մեջ ամփոփվում է նրա սարսափելի նշանակությունը։ Կապա՜ն, նշանակում է՝ կապված, փակված անցք։ Կապա՜ն, դա անդնդախոր խոխոմների մի ցանց է, դա մի հրեշավոր ծուղակ է, որի մեջ Սյունյաց աշխարհի իշխանները կաշկանդում էին թշնամու լեգեոնները;

Բայց ի՞նչ էին այդ ահարկու ձորի փականքները, նրա կապանները։ — Այդ բոլորը այնօր տեսավ Դավիթ բեկը և այժմ նրանց վրա էր մտածում։

Նա տեսավ Հալիձորի բերդը, իսկ նրա հանդեպ՝ Աչաղու բերդը[2]։

  1. Այժմ կոչվում է Ղափան։
  2. Այդ բերդը այժմ կոչվում է Ղըր-Ղալա։