Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Նախատինքը իրավացի էր։ Կապանի յոթն բերդերից[1], որոնք յոթն կողպեքների նման դրած էին զանազան անցքերի վրա, շեն մնացել էր մեկը միայն՝ Գեղվա բերդը կամ Զեվուն, այն ևս մի թյուրքի ձեռքում։ Այդ բերդն էր, որ պաշարել էր Դավիթ բեկը։

Այդ տխուր մտածությունների մեջ էր Բեկը, երբ բարձրահասակ մարդը, բանակների մեջ շրջելուց հետո, մտավ նրա վրանը։

— Ես ձեզ սպասում էի, սրբազան, — ասաց Բեկը իր տեղից շարժվելով և նրան տեղ տալով։ — Նստեցեք։

Սրբազանը տեղավորվեցավ նրա մոտ, բայց չկարողացավ զսպել իր հետաքրքրությունը, երբ նկատեց Բեկի գունաթափ դեմքը։

— Դուք, երևի, պաշարման ընթացքի վրա էիք մտածում, — ասաց նրան․ — գործերը փառք աստուծո, հաջող են գնում։

— Ոչ, ես ամենևին այդ մասին չէի մտածում․․․ — պատասխանեց Բեկը հայտնի տհաճությամբ․ — միայն ինձ փոքր-ինչ ձանձրացնում է մեր արշավանքի կանգ առնելը։

— Օրհնած, — ասաց սրբազանը իր ուրախ ծիծաղով․ — Գեղվա բերդը այն ամրությունն է, որ ամիսներով իր շուրջը պահել է տվել պաշարողներին, մեծ բան չէ, որ մի երկու օր էլ մեզ սպասել տա։ — Առավոտյան նա իր դռները կբացանե մեր առջև։

— Ի՞նչ գիտեք։

— Գիտեմ։ Ինչպես երևում է, տեր Ավետիքը, Խորեն սրբազանը, Ստեփաննոս իշխանը և Բալի զորապետը հասել են իրանց նպատակին։ Ես այս րոպեիս նրանցից մի փոքրիկ տոմսակ ստացա և շտապեցի ձեզ մոտ։

— Տեսնեմ։

Սրբազանը տվեց Բեկին մի հատ ընկույզ։

Բեկը իսկույն հասկացավ խորամանկությունը, և ժպտելով, ասաց․

— Վատ չեն հնարել․ տոմսակը ծրարել ընկույզի կեղևի մեջ։ Երևի, այդ ընկույզի միջուկի տեղ ես կգտնեմ տոմսակը։

Նա հուպ տվեց ընկույզը, կեղևը երկու մասի բաժանվեցավ և միջից ցած ընկավ մի թղթի կտոր։ Նրա վրա մանր, նոտր գրով կարդացվում էր հետևյալ տողերը․

  1. Կապանը կամ Ղափանը կոչվում է յոթնբերդյան հենց այդ յոթն բերդերի պատճառով։