Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա հագցրեց մի քանի ուռուցիկ շալվարներ, որոնք յուփկաների ձև ունեին, և կարծես պատրաստված լինեին երկնքի թափանցիկ ամպերից, որոնց միջով կարելի է նշմարել բնության հրաշալիքը․․․ Շալվարների ստորին եզերքը չորս մատ լայնությամբ զարդարած էին մանր, արծաթյա և ոսկյա փողիկներով։ Ծնկներից ցած, ոտների մնացած մասը բոլորովին մերկ էր մնում, որովհետև շալվարները սքողում էին մինչև ծնկները միայն։

— Ձեր սրունքների վրա պետք է կապել սև հուլուններ, որովհետև սևը սպիտակ մարմնի վրա շատ սազ է գալիս, — ասաց աղախինը, երբ վերջացրեց իր տիկնոջ հագցնելը։

— Իսկ սև սրտի վրա ի՞նչ է սազ գալիս, — հարցրեց տիկինը տխուր ժպիտով։

— Այդ խոշոր մարջաններից շարած, կարմիր մանյակը, — պատասխանեց աղախինը նույնպես ժպտալով։

— Այո՜, ուղիղ այդպես է, երբ մենք ստիպված ենք մեր հոգեկան բոլոր վերքերը, բոլոր ցավերը ծածկել գեղեցիկ, փայլուն կեղևի տակ․․․

Տիկնոջ աչքերը դարձյալ լցվեցան արասուքով։

— Մի՜ լաց լինիր, հոգիս, — աղաչում էր նրան աղախինը․ — ի՞նչ լաց լինելու ժամանակ է․ ձեր աչքերի սուրման բոլորովին կկեղծվի։

Տիկինը սկսեց խուլ կերպով հեկեկալ։ Լինում են րոպեներ, երբ մարդ մի առանձին թեթևություն է զգում, երբ լաց է լինում, բայց ինչո՞ւ համար է լաց լինում,- ինքն իրան հաշիվ տալ չէ կարող։ Բայց տիկինը գիտեր, թե ինչու համար է լաց լինում․ նա խիստ խորին պատճառներ ուներ լաց լինելու․․․

— Բավական է,— դարձյալ աղաչում էր աղախինը․— այդպես չէ կարելի, մի քանի րոպեից հետո կհայտնվի խանը, ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե ձեզ այդ դրության մեջ կտեսնե։

Փարիշանը բավական խելացի էր, և մանավանդ, խիստ նուրբ ճաշակ ուներ։ Հանգստացնելով իր տիկնոջը, նա սկսեց լրացնել նրա մնացած զարդարանքները։ Մարջանի խոշոր հատիկներից կազմված մանյակը, որ մի քանի տակ անցկացրեց նրա պարանոցով, և որի շարքերը իջնում էին նրա կիսամերկ կուրծքի վրա, մի առանձին հրապույր, մի առանձին կախարդիչ գույն տվեցին նրա գեղեցկությանը։ Իսկ սև հուլունների շարքը նրա կլորին սրունքների վրա սքանչելի տեսք ունեին։