Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


զինված բազմությունը տեղացի հայերի խումբն էր, որոնց առաջնորդում էր տեր Ավետիքը իր ընկերների հետ։

Նրանք աղաղակելով անցան թյուրքերի թաղը, անցան մի քանի ծուռումուռ փողոցներ և հասան ամրոցին։ Հրդեհը այժմ ավելի տարածվել էր․ ախոռատնից անցնում էր դեպի կանանոցը, իսկ խոհանոցից՝ դեպի դիվանատունը։ Բերդաքաղաքի թյուրքերի մեծ մասը այստեղ էր։ Կրակը հանգցնելու համար նրանք ոչինչ հնարներ չունեին, միայն աշխատում էին մթերքները դուրս կրել այն շենքերից, որոնց դեռ կրակը չէր հասել։ Ամրոցի պահապանները և ծառաները հսկում էին ավելի գողությունների վրա։ Բայց ընդհանուր խառնակության մեջ «շունը տիրոջը չէր ճանաչում․․․»։

— Այդ ո՞րտեղն է այրվում, — հարցրեց Փարիշանը մի թյուրքից։

— Ամրոցը․․․ — պատասխանեց նա շտապելով, և մի ահագին սնդուկ քարշ տալով դեպի իր տունը։

— Աստված ինքը ողորմություն անե․․․ — պատասխանեց Փարիշանը լալագին ձայնով, և ցույց տալով, որ չէ նկատում ավազակի իր իշխանի պալատից հափշտակած ավարը։

Փարիշանը նկատեց, բազմության նույն խումբը, որ զինված էր բահերով և բրիչներով, փոխանակ դեպի հրդեհը գնալու, մի պտույտ գործեց և լռությամբ անցավ դեպի ամրոցի ետևը, դեպի այն կողմը, ուր կրակը դեռ չէր հասել։ Ինքն էլ գնաց նրանց հետ։ Նրանք մտան մի նեղ փողոց, որի մի կողմը ամրոցն էր, իսկ մյուս կողմում խանի ամբարանոցները։ Այդ փողոցը դատարկ էր, այստեղ մարդիկ չկային։

Ամբարանոցների մեջ մթերված էր խանի հարստության մեծ մասը․ այնտեղ էր և զենքերի պահեստի տեղը։ Տեր Ավետիքը մոտեցավ ամբարանոցի գլխավոր դռանը, և իր սրի կոթով բախելով դուռը, գոչեց միևնույն եղանակով, որպես քահանան տասն կուսանաց հիշատակը կատարելու գիշերը, եկեղեցում ձեռքի խաչովը բախում է տաճարի վարագույրը, ասելով․

— «Բաց մեզ, տէր, զդուռն ողորմութեան․․․

— «Եկայք, օրհնեալք Հօր իմոյ, և վայելեցէք զպատրաստեալն վասն ձեր բարութիւն», — պատասխանեցին ներսից, և Խորն հայր սուրբը բաց արեց դռները։

Բազմությունը խումբով ներս թափվեցավ բացված դռնից։ Խորեն հայր սուրբը առաջնորդեց նրանց դեպի զենքերի պահեստի տեղը։ Սառան, որ հայր սուրբի հետ առաջուց եկած էր այնտեղ,