Որպես ամառային գիշերներում ճրագի լույսը դեպի ինքն է հրապուրում զանազան միջատներին, այնպես էլ ամրոցում հայտնված հրդեհը ամեն կողմից դեպի ինքն էր կոչում բերդաքաղաքի բնակիչներին։ Ոմանք լոկ հետաքրքրության համար, ոմանք օգնություն հասցնելու համար, ոմանք զվարճանալու համար վազում էին դեպի հրդեհը։ Ամբոխը մի մեծ երեխա է, սիրում է կրակի հետ խաղալ։ Բերդի պարիսպների մոտ կանգնեցրած պահապան զորքերն անգամ, հակառան զինվորական կարգապահության, թողեցին իրենց պահականոցները և վազեցին դեպի ամրոցը։ Կրակը հեղաշրջեց ամեն օրենք, կանոն և այն բոլոր կարգադրությունները, որ տնօրինված էին թշնամուն դեմ դնելու համար։
Հանգցնելու հնար չկար։ Երկու մեծ գետերից, որ անցնում էին բերդի մոտով, ջուր վերցնել անկարելի էր, որովհետև թշնամին դրսում կանգնած էր։ Իսկ բերդի մեջ գտնված ջուրը խմելու անգամ բավական չէր։
Հրդեհը հետզհետե տարածվում էր։ Կրակը խոհանոցի մասից անցել էր դեպի դիվանատունը, իսկ ախոռատան կողմից մոտենում էր կանանոցին։ Կատաղի քամին, մի հսկայական փուքսի նման, ավելի բորբոքում էր, ավելի բոցավառում էր նրան։
Այժմ սկսել էր այրվել դիվանատունը։ Դա ամրոցի ամենագեղեցիկ մասն էր։ Ահագին դահլիճների կամարները, որոնց վրա նկարիչները գործ էին դրել իրանց բոլոր ճարտարությունը, խորտակվում էին, և դղրդալով կործանվում էին դեպի ցած։ Հրեղեն բոցերը, խառն ծխային թանձր ամպերի հետ, դուրս էին հոսում աշխարհի բոլոր շքեղություններով զարդարված սենյակներից։ Պալատի փառքը, գեղեցկությունը և ամեն զեղխություններով լի վայելչությունը լուծվում էր, մոխիր էր դառնում։ Եվ ո՞ւմ ձեռքով։ — Մի աղախնի, մի թույլ աղջկա ձեռքով։ Դա մի դառն խրատ է, որով ժողովուրդը պատժում է բռնակալի ամբարտավանությունը, որով կամենում է ցույց տալ նրա ոչնչությունը։ Երկրների երկաթե գավազանով իշխողին պատժում է իր ստրուկներից ամենատկարի ձեռքով։ Կարծես կամենում է հասկացնել նրան․ «Տես, դու էլ նույնպիսի մի մարդ ես, որպես այն բյուրավոր մարդիկը, որոնց ճնշում ես քո ոտքերի տակ․․․»։
Երկու սոսկալի տարերք՝ կրակը և քամին — կարծես միաբանվել էին մի սերտ դաշնակցությամբ, ոչնչացնելու բոլորը, ինչ որ