Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Ո՞վ գիտե, ի՜նչ պատահեց։ Մերոնք փախչում են։ Հեռանանք, եթե չենք ցանկանում տրորվել այդ կատաղի փախստականների ոտքերի տակ։

— Ի՞նչ պատահեց, — կրկին հարցրեց խանը։

— Մի՞թե չեք տեսնում, — պատասխանեց մի այլ թիկնապահ։

— Ես ոչինչ չեմ տեսնում։

Եվ իրավ, նա ոչինչ չէր տեսնում։ Բարկությունը, վրդովմունքը զրկել էին նրա աչքերը տեսությունից։ Նա միայն լսում էր խառնաշփոթ, հուսահատական աղաղակներ, և ավելի ոչինչ։

— Մերոնց վրա զորքեր եկան, — ասաց թիկնապահը, — երևի, թշնամու զորքերը։ Մերոնց թնդանոթների են բռնել, այդ պատճառով փախչում են։

— Ո՞րտեղից կարող էին մտնել թշնամու զորքերը, — հարցրեց խանը, չհավատալով իր ականջներին։

— Այդ աստված գիտե, — պատասխանեց թիկնապահը։ — Երբ աստված բարկանում է մարդիկների վրա, գետնի տակիցն էլ կրակ է դուրս բերում, աստղերի մոտիցն էլ կրակ է ցած թափում․․․

Խանը մտածեց իջնել իր բարձրավանդակից։ Նրան տիրեց երկյուղի նման մի զգացմունք, և անվեհեր սիրտը սկսեց սաստիկ բաբախել։

Սարսափած ամբոխը փոթորկի նման հետ էր մղվում։ Հանկարծ փոթորիկը կանգնեց, անշարժ մնաց, կարծես թե, նա ճանապարհ չէր գտնում իր հոսանքի համար։

— Այդ ինչո՞ւ կանգնեցին, երևի, ընդդիմադրում են, — հարցրեց խանը։

— Ոչ, փողոցի մյուս ծայրից ուրիշ զորք հայտվեցավ, — ասաց Հաջին։ — Մերոնց ճանապարհը կտրեցին․․․ մերոնք այժմ գտնվում են երկու կրակների մեջ․․․ առջևից և ետևից․․․ Դրա համար էլ չգիտեն, թե դեպի ո՜ր կողմը փախչեն․․․

Թնդանոթները այժմ սկսեցին ավելի մոտից արձակել։ Ամեն մի արձակման րոպեում լուսավորում էր փողոցի բավական ընդարձակ տարածությունը։ Այդ սոսկալի լուսավորության մեջ խանը նշմարում էր դիակների կույտերը, նշմարում էր, թե որպես գնդակահար մարդիկ, արմատախիլ եղած ծառերի նման տապալվում էին մինը մյուսի վրա։

— Ա՛խ, որքա՞ն մարդիկ են ընկած․․․ — բացականչեց նա ողբալի ձայնով։ — Որտեղի՞ց ներս մտան այդ անհավատները․․․