— Դրանով կշահենք մի քանի օրեր, գուցե մի քանի շաբաթներ, և այդ ժամանակի ընթացքում շատ բան կարելի է անել․․․
«Ուրացողի» խորհուրդը բոլորովին նպատակահարմար էր գտնում մելիք Ֆրանգյուլը։ Նա այնքան ուրախացավ, որ քիչ էր մնում պիտի գրկեր և համբուրեր խորամանկին, բայց իր հպարտությունը թույլ չտվեց այդ աստիճան թեթև լինել։ Նա հարցրեց․
— Դուք հաստատ գիտե՞ք, որ Թորոսը այսօր գալու է։
Նա Թորոս իշխանին, Չավնդուրի ամբողջ գավառի տիրոջը, լոկ անունով միայն Թորոս էր կոչում, կարծես «իշխան» տիտղոսը այրում էր նրա լեզուն։ Հայերից իշխան, բացի իրանից, ուրիշ ոչ ոք չպիտի լիներ, — այդ էր այդ փառասերի ուխտը։
— Գիտեմ, — պատասխանեց Դավիթը, ինքն էլ հետևելով մելիքի եղանակին, — հաստատ գիտեմ, որ Թորոսը այսօր գալու է։ Նրան հյուրասիրելու համար խանի խոհանոցում մեծ պատրաստություններ էին տեսնում։
Վերջին խոսքերը ավելի զայրացրին մելիք Ֆրանգյուլին․ պատրաստություններ էին տեսնվում պատվելու այն մարդուն, որին ատում էր ինքը, որ թշնամին էր, որը այսօր պիտի գար գնելու մի գերի, որի մահն էր ցանկանում ինքը․․․
— Ուրեմն պետք է շտապել խանի մոտ, — ասաց նա, աշխատելով սառնասիրտ երևալ․ — քանի դեռ այդ անպիտանը չի եկել, պետք է խանի հետ խոսել ինչ որ հարկավոր է։
— Նա ճաշից առաջ չի գա, — պատասխանեց Դավիթը․ մենք մի քանի ժամ ունենք մինչև ճաշ, այսուամենայնիվ, պետք է շտապել․․․
Երկու մելիքները հագան իրենց թանկագին վերարկուները, որոնց եզերքը զարդարված էին ոսկե թելերով․ կապեցին իրանց արծաթապատ թրերը և սկսեցին դիմել դեպի խանի վրանը, խափանելու հարյուրավոտ հայ գերիների փրկությունը, որ ընկած էին մահմեդական բռնապետի ձեռքը․․․ Մելիք Ֆրանգյուլը, իբրև ավագ, գնում էր առաջ, իսկ մելիք Դավիթը, որպես նրանից աստիճանով կրտսեր, գնում էր նրա ետևից։ Նրանց հետևում էին մի խումբ ծառաներ, որոնց պարսկական սովորությամբ իրանց հետ ման էին ածում։ Ծառաները բոլորն էլ մի-մի սուր ունեին կապած, իսկ իրանց մնացած զենքերը թողել էին իջևանում, որ հատկացրած էր երկու մելիքների ծառաների համար։ Հանդիսավոր «սալամը» առաջ էր ընթանում և ճանապարհին ով որ հանդիպում էր, նրանց գլուխ էր տալիս։ Մելիք Դավիթը երբեք իր կյանքում այսպիսի