Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


պատժել մեզ մեր մեղքերի համար։ Բայց աստուծո ուղարկած պատուհասը իր սահմանն ունի։ Նա թեև տալիս է հզորների ձեռքում իր վրեժխնդրության սուրը, բայց մի մոռացեք, իշխան, որ այդ սրի երախակալը գթությունն է։ Նա թեև հաղթություն է շնորհում իր քաջերին, բայց մի մոռացեք, իշխան, որ այդ հաղթության պսակը ներումն է։ Այժմ ձեր ոտքերի փոշու տակ ընկած մարդը ձեզանից այդ երկու ողորմությունն է խնդրում՝ գթություն և ներումն։ Որովհետև աստված գթած է և ներող։ Թող օրհնյալ լինի նրա ամենակարողությունը, թող անպակաս լինի ձեզանից նրա շնորհը։

Բեկը որքան էլ խստասիրտ լիներ, որքան էլ զայրացած լիներ իր հայրենիքի թշնամիների վրա, այսուամենայնիվ, ծերունու խոսքերը ազդեցին նրա սրտին, և դառնալով դեպի սպարապետը, հարցրեց․

— Ո՞վ է այդ մարդը։

Այդ միջոցին վրա հասավ Ներսես սրբազանը, և առաջ անցնելով, պատասխանեց․

— Դա Ասլամազ-Կուլի խանի վեզիրն է, այն բռնապետի, որը իր ամրոցով այս գիշեր ցնդեց օդի մեջ։ Մի քանի րոպե առաջ ինձ մոտ էր։ Ես երկար խոսեցի դրա հետ մահմեդականների դարևոր բարբարոսությունների մասին։ Նա համաձայնվեցավ ինձ հետ և արդարացրեց մեր վարմունքը։ Ընդունեցեք, Բեկ, ծերունի վեզիրի խնդիրքը, հրամայեցեք դադարեցնել կոտորածը։ Թող ձեր շնորհն ու ողորմածությունը լինի վարձատրություն այդ մարդու այն ծառայությունների համար, որ իր պաշտոնավարության ընթացքում կատարել է այստեղի հայերի վերաբերությամբ։ Նա իր բոլոր բարերարությունները պատմեց ինձ և նրանց անկեղծության մեջ ես կասկած չունեմ։

— Ես կհրամայեմ դադարեցնել կոտորածը, բայց բերդը պետք է քանդվի, — ասաց Բեկը, և դառնալով դեպի ծերունի վեզիրը, ավելացրեց․

— Հենց այս օրից, վեզիր, դու պիտի առնես քեզ հետ այդ բերդում մնացած մահմեդականներին և պիտի գաղթես դեպի Պարսկաստան։

Վեզիրը կամեցավ մի խոսք ևս ասել, բայց սրբազանը ակնարկեց նրան լռել։

Բեկը անցավ դեպի բերդը։