Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ջորու առջև ընկած ոտքով գալիս էին երկու զինված շաթրներ։ «Ի՞նչ գործ ունի մեզ մոտ այդ չարագործը այդպես վաղ առավոտյան․․․», — մտածեց տիկինը և աչքերով սկսեց հետևել նրան։

Չարագոծը մոտեցավ ամառանոցի գլխավոր դռանը, ցած իջավ ջորուց, երիվարը պահ տվեց իր շաթրներից մեկին, և մյուս շաթրին իր հետ առնելով, սկսեց բախել դուռը։

Այդ միջոցին տիկնոջ սենյակը ներս մտավ, բոլորովին հագնված և պատրաստված, գեղեցիկ Ֆաթիման։

Ֆաթիմային մենք թողեցինք, երբ նա դեռ փոքրիկ աղջիկ էր, երբ նրան ձեռքի վրա էին ման ածում, իսկ այժմ աճել է նա, խոսում է, դատում է, գիտե իրան պահել։ Տեսնելով մոր տխրամած դեմքը, նա մոտեցավ, և գրկելով նրա պարանոցը, ասաց․

— Մայրիկ, դու էլի լաց ես լինում․․․ երբ դու լաց ես լինում, իմ աչքերիցս էլ արտասուք է վազում։

Մայրը համբուրեց նրան, ասելով․

— Ինչո՞ւ, զավակս, քո ինչ լաց լինելու ժամանակն է։ Ես էլ լաց չեմ լինում․ այս առավոտ չգիտեմ ինչ է պատահել աչքերիս հետ, կարծես թե, այրվում լինեն․․․

Մայրը թաշկինակը տարավ դեպի աչքերը, սրբեց արտասուքը։ Ֆաթիման փոքր-ինչ հանգստացավ, և ավելի վստահություն ստանալով, ասաց մորը․

— Գիտե՞ս այս առավոտ ես ինչու եմ այսպես շուտ վեր կացել, այսպես լավ հագնվել։

— Դու միշտ շուտ ես վեր կենում, զավակս, — պատասխանեց մայրը, փայփայելով նրա առանձին խնամքով սանրված սև գանգուրները։

— Այդպես է, շուտ եմ վեր կենում, մանավանդ, երբ լավ առավոտ է, — պատասխանեց նա փոքր-ինչ պարծենկոտությամբ։ — Բայց այսօր մի ուրիշ պատճառ կա։

Ֆաթիման պատմեց մորը, թե այն առավոտ հայ գյուղացիները, իրանց ամեն տարվա սովորության համեմատ, տոն պիտի կատարեն։ Հարս, աղջիկ, տղամարդիկ, ալևորներ հավաքվելու են կործանված վանքի փլատակների մոտ, — պար պիտի բռնեն, երգ կերգեն, լավ հանդես պիտի կատարվի։

Տիկինը բոլորովին մոռացել էր, որ այն օր իրանց ամառանոցից ոչ այնքան հեռու կատարվելու էր մի ժողովրդական տոն։ Հայ գյուղացիները խմբվելու էին իրանց պաշտամունքը և հարգանքը