Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կարող է փոքր-ինչ սպասել, մինչև կվերկենա։ Նա դարձյալ շտապեցրեց ինձ, ասելով, թե սաստիկ ստիպողական գործ ունի, սպասել կարող չէ, պետք է հենց այս րոպեիս տեսնե։ Ես ստիպվեցա գնալ խանին զարթեցնել։ Նա ընդունեց մելիքին իր քնարանում, առանց հագնվելու, ինքը անկողնում պառկած։ Հետո դռները ներսից կողպեցին և առանձնացան։

— Ի՞նչ բանի վրա էին խոսում։

— Նախասենյակի դռներն անգամ կողպել էին․ անկարելի էր մի բառ անգամ լսել։ Բայց առանց լսելու ևս ես գիտեմ, թե ինչ խորհրդով է եկել մելիքը։

— Ի՞նչ խորհրդով է եկել։

— Թորոս իշխանը զորքով գալու է խանի վրա․ մելիքը եկել է նրան իմացում տալու, որ իրանք էլ զորքերի պատրաստություն տեսնեն իշխնի առաջը առնելու համար։

— Այդ դուք ո՞րտեղից եք իմանում։

— Իմանում եմ, հաստատ տեղեկություններ ունեմ, տիկին։

— Թորոսի հետ այլևս ովքե՞ր կան։

— Իշխան Ստեփաննոս Շահումյանը։

Այդ անունը լսելու ժամանակ տիկնոջ տխրամած դեմքը նկատելի կերպով պայծառացավ։ Բայց նա իր ուրախությունը թաքցնելու համար խոսքը փոխեց, հարցնելով․

— Կռիվներից ի՞նչ եք լսում։

— Բեկը ամեն տեղ հաջողություններ ունի․ Զեվու բերդը բոլորովին ոչնչացրած է․ մեր երկրի ամրությունները մինը մյուսից հետո ընկնում են նրա զորության առջև, — ասաց ծերունին մի առանձին ոգևորությամբ, հետո սկսեց մանրամասնաբար պատմել Ասլամազ-Կուլի խանի աղետավոր վախճանը և Բեկի այլ հաղթությունները։

— Այդ բոլորը շատ ուրախալի է, — ասաց տիկինը ծերունու պատմությունը հաճությամբ լսելուց հետո։ — Բայց պետք է մի կերպով իմանալ, թե այդ չարագործը ի՞նչ սատանայական որոգայթներ լարելու համար է եկել։

— Ես ձեզանից ավելի հետաքրքիր եմ, տիկին, — պատասխանեց ծերունին։

— Մելիքի գնալուց հետո ուշադիր եղեք, թե ինչ կարգադրություններ կանե խանը։

— Ես քայլ առ քայլ կհետևեմ նրա գործողություններին։

— Հիմա կարող եք գնալ․ ես ձեզ ուշացնում եմ։