— Երբ մելիքը կանչում է, էլ չեն հարցնում ի՞նչ կա, տեր հայր, գլուխը քարշ են գցում և գնում են, — պատասխանեց գզիրը փոքր-ինչ խիստ կերպով։
Տեր հայրը այլևս ոչինչ չհարցրեց և հետևելով գզիրի խոսքին, գլուխը քարշ գցեց, և սկսեց գնալ դեպի մելիքի ամրոցը։ Մինչև այնտեղ հասնելը, նա իր մտքում ավարտեց «եկեսցէ»-ի կեսը, հուսալով, որ գոնե այդ փրկարար աղոթքը կազատե նրան բռնակալի բարկությունից։
Երբ նրան ներս տարան մելիքի սենյակը, նա խոնարհությամբ գլուխ տվեց և կանգնեց դռան մոտ։ Խեղճ տերտերի դեմքի վրա գույն չէր մնացել, ամբողջ մարմնով դողում էր։
— Հրամեցեք, տեր հայր, հրամեցեք նստեցեք, — ասաց մելիքը, տեղ ցույց տալով։
Մելիքի քաղաքավարի խոսքերը փոքր-ինչ հանգստացրին նրան․ կիսամաշ փարաջայի փեշերը հավաքեց, անհամարձակ կերպով մոտեցավ և չոքեց ցույց տված տեղում։
— Դուրս գնա, Համբարձում, -դարձավ մելիքը դեպի գզիրը։
Գզիրը դուրս եկավ։ Չնայելով, որ նազիրը արդեն պատրաստել էր նրան խոստացած խալաթը, բայց նա չգնաց հագնելու, այլ կանգնեց նախասենյակում և ականջը մոտ տարավ դռանը։ Լրտեսին ավելի հետաքրքրում էր տերտերին կանչելու գաղտնիքը, քան թե մելիքի ընծայած խալաթը։
— Հանգիստ նստեցեք, տեր հայր, — ասաց մելիքը, նկատելով, որ քահանան պատժված աշակերտի նման չոքել է գորգի վրա։
Այդ ողորմածությունը ավելի հանգստացրեց տեր հորը․ նա այժմ իր դիրքը փոխեց և ծալապատիկ նստեց։ Մելիքը դարձավ նրան այս խոսքերով․
— Ես կանչեցի ձեզ, տեր հայր, մի կարևոր հանձնարարության համար, բայց նախքան դրա վրա խոսելը, ինձ պետք է փոքր-ինչ ծանոթանալ ձեր կրոնական հայացքների հետ․ — դուք ինչպե՞ս եք հասկանում խոստովանությունը, տեր հայր։
Անակնկալ հարցը կրկին շփոթեցրեց խեղճ քահանային, որը դժբախտաբար գրված բաներից շատ փոքր տեղեկություն ուներ։
— Որդի, ի՞նչ ասեմ․․․ — պատասխանեց նա ծոծրակը քորելով․ — խոստովանությունը խոստովանություն է․․․ խոստովանվում են, հետո հաղորդություն են առնում․․․
— Այդ ես գիտեմ, — ասաց մելիքը, որ առանց խոստովանության