Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հետ կկազմեր պատերազմական խորհուրդ։ Նա սպասում էր Մելիք-Նուբարի վերադարձին, որը մի քանի մարդիկների հետ ծպտյալ կերպով ուղարկված էր թշնամու դիրքերը և պատրաստությունները հետազոտելու համար։ Մելիք-Նուբարը վերադարձավ շատ ուշ, կես գիշերին։ Իշխանը իսկույն իր վրանում կազմեց խորհուրդը։ Ներկա էին Ստեփաննոս Շահումյանը, Մելիք-Փարսադանյան Բալին և Մելիք-Նուբարը։ Բոլորի դեմքերի վրա նշմարվում էր մի հեգնական ծիծաղ, միայն այն մարդը, որին ուղղված էր նամակը, սառն էր։ Նա սկսեց կարդալ։

Նամակը ուղղված էր Թորոս իշխանին և սկսվում էր այս խոսքերով․

«Ամեն հանգամանքներ կարող են հակառակ վկայություն տալ իմ նամակի անկեղծության մասին, իմ խոստմունքների հավատարմության մասին։ Այդ ես չեմ հերքում, Թորոս։ Ձեզ դիմում է այս նամակով ձեր հին, ոխերիմ թշնամին, որի հայրը թշնամի է եղել ձեր հոր հետ, որի պապը թշնամի է եղել ձեր պապի հետ։ Ամբողջ դարերի ընթացքում իմ և ձեր տոհմի հարաբերությունները դրոշմված են եղել արյունով և անեծքով․․․

Ես ձեզ մոտ ուղարկում եմ քահանա, խաչ և Ավետարան, որպես առհավատչյա իմ երդմանը և դրած ուխտին, — ես ձեզ մոտ ուղարկում եմ այդ սրբությունները, որոնց ճշմարտությունը ես վաղուց ուրացած եմ, որոնց ես ամենայն անգթությամբ հալածել եմ։

Խոստովանվում եմ, այդ բոլորը, փոխանակ գրավելու ձեր հավատը դեպի ինձ, ձայն կտան իմ խաբեբայության մասին։ Ես ինքս, եթե ձեր տեղ լինեի, ուրիշ կերպով չէի ընդունի, երբ որ իմ թշնամիներից մեկը այդ ձևով կդիմեր ինձ։

Բայց մի բան կա, որ կարող է արդարացնել ինձ։

Ամեն կրոնքները ընդունում են, որ մարդը, որքան էլ չարագործ լիներ, դարձյալ ընդունակ է զղջալու, ուղղվելու և բարի մարդ դառնալու։ Դրա մեջն է մարդու առավելությունը գազաններից։ Գազանը բնությունից ծնված է գազան լինելու համար, իսկ մարդը հանգամանքներից դառնում է գազան։ Ավելի բարեհաջող հանգամանքները կարող են փոխել նրան դեպի լավը։

Հանգամանքներն ինձ համար այժմ փոխված են։ Մինչև այսօր օտարներից վայելած փառքը, աջակցությունը, պաշտպանությունը հրապուրում էր ինձ։ Ես ստիպված էի զոհել ամեն սուրբ բան իր պաշտպանից այդ շնորհները վայելելու համար։ Բայց