Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դավիթը տեսնելով ագուլեցոց անհավատարմությունը ինքը անձամբ դիմեց Ագուլիս։ Նրա զորքը ամրացած էր Թոմա առաքելո վանքի մեջ, որ կարող էր բերդ տեղ ծառայել։ Ստուգելով մելիք Մուսայի դավադրությունները, Դավիթը նրան բռնել տվեց և հրամայեց գլուխը կտրել։ Բայց նա ազատվեցավ Մելիք-Փարսադանի աղերսանքով։

Քանի օրից հետո մելիք Մուսան բոլորովին մերկացրուց իր թշնամությունը։ Մինչ Դավիթը Թոմա առաքելո վանքի մեջ ամրացած էր, նա հավաքելով Ագուլիսի բնակիչներին, պաշարեց վանքը և սկսան հրացաններ արձակել, ստիպելով, որ Դավիթը թողնե իրանց քաղաքը։ Այդ հարձակումը գործվեցավ գիշերով։ Դավիթը հրամայեց յուրայիններին հանգիստ մնալ և հայի արյուն չթափել։ Միայն Մելիք-Փարսադանին ուղարկեց հանգստացնել ագուլեցիներին, խոստանալով, որ առավոտյան կթողնեն քաղաքը։ Բայց ագուլեցիք ավելի ևս խստացրին իրենց կատաղությունը և մինչև անգամ հրացանով սպանեցին Դավթի պատգամավորին, այն մարդուն, որ մի քանի օր առաջ ազատեց մելիք Մուսայի գլուխը Դավթի սրից[1]։

Բայց Դավիթը որքան բարեսիրտ էր, այնքան վրեժխնդիր և խիստ էր դեպի իր անհնազանդները։ Նա թեև քանդելով վանքի պարսպի մի մասը, գիշերով դուրս եկավ քաղաքից, բայց մի քանի օրից հետո վերադարձավ, և երկու կողմից հրդեհելով քաղաքը, ահագին ավարով գնաց Հալիձոր։

Դավիթը այնուհետև զբաղվեցավ իր նոր իշխանության կարգադրություններով։ Մինչև այնօր խառնված լինելով անընդհատ կռիվների մեջ, նա ժամանակ չէր ունեցել որևիցե կարգ ու կանոն դնել իր երկրում․ ամեն ինչ կառավարվում էր վաղեմի նահապետական ձևերով։ Նա թողնելով հին սովորությունները, որոնք օրենքի զորություն էին ստացել, միայն ավելի կանոնավորեց նրանց, — երկրի բաժանմունքները կարգի դրեց, որոշեց մելիքների և տանուտերների իրավունքները և զորապետների պարտավորությունները,

  1. Ագուլեցոց մի այսպիսի օտարասիրությունը, որով նրանք ավելի բարվոք էին համարում այլազգիների լծի տակ տանջվել, քան իրանց ազգայինների հետ միանալ և ազատ ապրել,— նրանց այդ հիմար համառությունը և ատելությունը դեպի հայության գործը պատժվեցավ 1752 թվին, այսինքն 25 տարի հիշյալ անցքեն հետո, երբ Ազատ խանը պաշարելով Ագուլիսը, բոլորովին ավերակ դարձրեց, և սրից ու հրից անցկացնելով, ավերակ դարձրեց, հափշտակելով ինչ որ գտավ, և բնակիչների մեծ մասը գերի վարեց։