Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ
Ա

Մինչև 1722 թվականը, այսինքն մինչև Դավիթ Բեկի հայտնվելը, հայոց մելիքները տակավին պահպանել էին իրանց նշանակությունը: Նրանք ունեին սեփական ամրոցներ, ժառանգաբար իշխում էին ժողովրդի մի որոշյալ մասի վրա, կապում էին դաշնագրություններ երբեմն պարսից, երբեմն թյուրքաց ներկայացուցիչների հետ, մասնակցում էին նրանց պատերազմներին, և որպես մի տեսակ վասալական իշխաններ, մի մասնավոր հարկ էին վճարում այն պետություններին, որոնք փոփոխակի կերպով տիրում էին Հայաստանին:

Սյունյաց աշխարհը (Ղարաբաղը) պետք է առաջինը համարել, ուր մելիքները մինչև ռուսաց տիրապետության ժամանակը (1813 ամ․) պահպանեցին իրանց գոյությունը: Այդ առանց պատճառի չէր: Երկրի բնական դիրքը` լեռները և անտառները նպաստում էին ժողովրդի մեջ վաղեմի քաջազնական ոգու պահպանվելուն: Սովորած լինելով թշնամու մշտական հարձակումներին, ժողովուրդը, երբ չէր կարողանում ընդդիմադրել նրան, թողնում էր դաշտերը կամ տափակ երկրները, պատսպարվում էր անմատչելի տեղերում: Լեռնային բնությունը ներշնչում էր բնակիչների մեջ արիություն և հետևապես ձգտումն դեպի ազատություն:

Ցավալին այն էր, որ հայոց մելիքները մի ընդհանուր կապ չունեին միմյանց հետ: Շահերի տարբերությունը շատ անգամ առիթ էր տալիս նրանց մեջ թշնամական հարաբերությունների: