դդ. հեթանոս. տարբեր կրոնների ու հույն փիլիսոփաների ուսմունքների խառնուրդից, մուտք գործել քրիստոնեության մեջ, փորձելով քրիստ. ուսմունքը միացնել Արևելքի դիցաբանության, հեթանոսության, վաղքրիստ. հերետիկոս. վարդապետությունների, հելլենիզմի, պլատոնականության, նորպլատոնականության և նորպյութագորականության գաղափարների հետ: Նախաքրիստ. գնոստիկականության հիմքում ընկած էին տարբեր ժողովուրդների կրոն., տիեզերաբան. և մարդաբան. գաղափարները, նորպլատոնականությունը, մովսիսականությունը: Քրիստ. Գ., որի կենտրոնը Ասորիքն էր, ընդունել է քրիստ. որոշ դրույթներ, բայց՝ հեթանոս. ըմբռնմամբ, մերժել Հին կտակարանը և դրանով՝ քրիստոնեության պատմ. հողը: Գ. բաժանվում է երկու մեծ խմբի՝ անանուն գնոստիկականություն [կոչվում է նաև օֆիտականություն, նախաշականություն (օձապաշտություն), հետևորդների մի մասը՝ պերատներ ևն], որը չունի հիմնադիրներ, մարգարեներ, փիլիսոփաներ և դպրոցներ: Երկրորդ խումբը գնոստիկյան դպրոցներն են: Հայտնի են Մենանդրոսի, Սատորնիլոսի, Բասիլիդեսի, Վալենտինոսի, Կարպոկրատեսի և այլոց դպրոցները, որոնք ներկայացնում էին Գ-ի առավել զարգացած համակարգերը: Գնոստիկյան տարաբնույթ հոսանքների, ուղղությունների, ուսմունքների, դպրոցների մեջ ընդհանուրն այլաբանության եղանակով (հիմնականում մտահայեցական փիլիսոփայության վերածված քրիստոնեության այլափոխման ճանապարհով) կատարյալ իմաստությունը (գնոսիսը) գտնելու ձգտումն էր, որը ձեռք է բերվում «հայտնության» միջոցով և մարդուն ցույց տալիս «փրկության» ուղին: Գնոստիկականության հիմն. գաղափարներն ընդհանուր գծերով հանգում են հետևյալին. գնոստիկյան վարդապետությունն ընդունում էր հոգեկան նախասկզբի անճանաչելիությունը, որը հակադրում էր նյութականին՝ «չարի» աղբյուրին: Առաջ է քաշվում չարի և բարու դուալիստական ուսմունքը: Քրիստ. փրկության գաղափարը փոխվում է և վերածվում հոգին նյութից ազատվելու վարդապետության: Հոգին և մարմինը բացարձակապես հակադրվում են և դառնում միմյանց դեմ կանգնած տիեզեր. ուժեր: Գլխ. հարցը, որ զբաղեցրել է գնոստիկյաններին, այն է, թե ինչպես է հոգին
ԳՆՈՍՏԻՑԻԶՄ
218
կամ երկնային կայծն ընկել ու բանտարկվել այս գռեհիկ նյութ. աշխարհի մեջ և ինչպես կարող է կրկին ազատվել: Հոգին սկիզբ է առել միանգամայն այլ տեղում, հավերժական մի աշխարհում, մի ուրիշ աստծո լուսավոր բնակատեղիում, քանզի այս սխալաշատ, նյութ. և անկատար աշխարհը, բարձրագույն աստծո գործը չէ: Աշխարհի ստեղծողն ու օրենսդիրը (կամ տիեզերաստեղծ զորությունը) Դեմիուրգն է՝ հրեաների աստվածը, որը տարբեր է անծանոթ, բարձրագույն աստծուց: Դեմիուրգը Հին կտակարանի ներկայացուցիչն է, իսկ բարձրագույն աստվածը՝ Նոր կտակարանի: Աստվածայինը նյութից ազատելու համար անծանոթ աստվածը երկիր է ուղարկում մի փրկչի, որն իրականացնում է հոգևորի և նյութականի, բարու և չարի վերջն. բաժանումը: Գնոստիկյանները, տարանջատելով բացարձակ բարձրագույն աստծուն և տիեզերքն ու նյութ. աշխարհը ստեղծող հրեաների աստծուն՝ Դեմիուրգին, իրարից բաժանել են նաև գնոսիոսի Քրիստոսին և պատմ. Հիսուսին: Ազատարար կամ փրկիչ էոնը (զորությունը) Քրիստոսն է, իսկ պատմ. Հիսուսը տարբեր է նրանից: Էոնը Հիսուսի (այսինքն աստվածայինը՝ նյութականի) հետ միանում է միայն ժամանակավորապես (մկրտության ժամանակ և նրանից հեռանում է մահից առաջ), այլ կերպ ասած՝ երկրային Հիսուսը երկնային փրկչի երկրային երևույթն է, որ պետք է մարմին ընդուներ՝ տեսանելի դառնալու համար: Այդ պատճառով էոնը Մարիամի միջով անցնում է ինչպես ջուրը խողովակի, առանց նյութի հետ առնչվելու կամ նրանով պղծվելու: Այստեղից բխում էր գնոստիկյանների դոկետիզմը (տես Երևութականություն): Նրանք չեն ընդունել Քրիստոսի մարմնացումը և իրական մարդ լինելը. նրան հատկացվել է գերմարդկային բնություն և երևութական մարմին, ուստի Քրիստոսի ծնունդը, կյանքը, չարչարանքները, խաչելությունն ու մահը համարել են երևութական: Չեն ընդունել զգայական նշանների կամ նյութ. առարկաների հետ կապված խորհուրդները, պայքարել են հատկապես խաչի պաշտամունքի դեմ: Գնոստիկյանները մերժել են նախն. քրիստոնեության գաղափարները, ապագայի կամ հանդերձյալ կյանքի ակնկալությունները, ինչպես Քրիստոսի վերջին գալուստը, մեռելների հարությունը, Քրիստոսի հազարամյա թագավորությունը ևն: Ամեն բանի վերջը հոգու ազատությունն է նյութից և տանջանքներից,