Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

301-ին Հայաստանն աշխարհում առաջինը ընդունելով քրիստոնեությունը որպես պետ. կրոն՝ սկզբիցևեթ ինքնուրույն է մշակել եկեղեց. շենքերի տիպերը: Ե. ճ. հայ ժողովրդի միջնադարյան մշակույթի կարևորագույն բնագավառն է, նրա բազմաթիվ կառույցներում ցայտուն արտահայտվել են հայկ. ճարտ-յան ինքնատիպությունը, բարձր մակարդակը և գեղ. հարուստ ավանդները: Քրիստոնեության ընդունումից հետո առաջին տասնամյակները ողջ երկրում նոր պաշտամունքի շենքերի բուռն կառուցման շրջան են եղել: Ըստ պատմիչներ Զենոբ Գլակի և Փավստոս Բուզանդի՝ Գրիգոր Ա Լուսավորիչը և Տրդատ Գ թագավորը հեթանոս. տաճարների տեղում են կառուցել առաջին եկեղեցիները՝ դրանով իսկ կապելով դարերով սրբագործված վայրերը նոր կրոնի հետ: Ընդ որում տաճարների մի մասը վերակառուցվելով՝ փոխարկվել է եկեղեցու, մի մասն էլ ավերվել է, և նրանց հիմքերի վրա եկեղեցի է կառուցվել: Այդ ընթացքում կրկնվել է հեթանոս. տաճարի երկայնական՝ արլ-ից արմ. ձգված հորինվածքը, միայն բեմը արևմուտքից տեղափոխվել է արևելք: Ագաթանգեղոսը միանգամայն որոշակի հայտնում է Գրիգոր Ա Լուսավորչի՝ նորակառույց եկեղեցիների առաջին ճարտարապետ լինելու մասին: Հայաստանի՝ մեզ հասած հնագույն եկեղեցիները միանավ դահլիճներ են և, ավելի սակավ, եռանավ բազիլիկներ: IV–VI դդ. տարածված միանավ եկեղեցիների (Լեռնակերտի, Թուղի, Ագարակի, Շենիկի, Կարենիսի վանքի) մեծ մասի խորանը ներգծված է շենքի արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ, սակայն կան նաև ընդհանուր ծավալից դուրս եկող, արտաքուստ կիսաշրջանաձև կամ բազմանիստ խորանով եկեղեցիներ (Լուսակերտի, Ջարջառիսի, Ոսկեվազի, Փարպիի, Բայբուրդի): IV դ. վերջին եկեղեցիների խորանի մեկ կողքին կամ երկու կողքերին կառուցվել են սենյակներ՝ եկեղեցում քահանայի բնակվելու վերաբերյալ կաթողիկոս Սահակ Ա Պարթևի կանոններին համապատասխան: IV–VI դդ. միանավ եկեղեցիների առանձին ենթատիպն են արտաքին սրահ ունեցողները: Արլ. պատում հաճախ փոքրիկ խորանով այդ սրահները նախատեսվել են դեռ չմկրտվածների և ապաշխարողների համար (Գառնի, Թանահատի վանք, Կուրթան, Վարդաբլուր):

Վաղ միջնադարում ԵԿԵՂԵՑ. Ե. ճ-յան մեջ եռանավ բազիլիկները տարածում չեն ստացել. այդ ժամանակաշրջանից հայտնի են միայն յոթ այդ տիպի եկեղեցիներ (ընդ որում VI դարից մինչև XVII դ. բազիլիկներ այլևս չեն կառուցվել): Դրանք բոլորն էլ պատկանում են, այսպես կոչված, «արևմտյան» տիպին. միջին նավը բարձր է կողայիններից և ունի առանձին ծածկ: Եռանավ բազիլիկները, չնայած փոքրաթվությանը, ունեն բազմապիսի ճարտ. լուծումներ: Աղցի բազիլիկն ունի երկու զույգ մույթ, Երերույքի Ս. Կարապետ վկայարանը, Քասաղի, Աշտարակի բազիլիկները՝ երեք զույգ, Ծիծեռնավանքի և Եղվարդի բազիլիկները՝ չորս զույգ, իսկ Հայաստանի ամենախոշոր՝ Դվինի Ս. Գրիգոր եկեղեցին (Դվինի Կաթողիկե)՝ 7 զույգ մույթ: Տարբեր է նրանց Ավագ խորանի շուրջը եղած սենյակների քանակը: Սյունասրահով են շրջապատված եղել Երերույքի և Դվինի բազիլիկները: Որոշ միանավ ու եռանավ եկեղեցիներ նախապես ունեցել են փայտե ծածկ, որը VI– VII դդ. փոխարինվել է թաղով: Հայաստանի վաղքրիստ. Ե. ճ-յան մեջ հստակ նկատվում է նրա զարգացման հիմն. գիծը՝ գմբեթավոր, հիմնականում՝ կենտրոնագմբեթ եկեղեցիների կառուցումը: Ճարտ. այս հորինվածքն ունի տեղական արմատներ՝ քարե գմբեթների ակունքները բխում են հայկ. ժող. բնակելի տների երդիկով, փայտե գմբեթով ծածկերից (Ք.ծ.ա. V դ. այն նկարագրել է հույն պատմագիր Քսենոփոնը): Հայաստանի հնագույն գմբեթավոր եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարն է՝ ողջ քրիստ. Ե.ճյան մեջ հանգուցային մի կառույց, որի հորինվածքը հետագայում տարածվել է նաև Եվրոպայում: Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի նկարագրության՝ Մեծ Հայքի Սյունիք նահանգի կենտրոն Շաղատի եկեղեցին (IV դ.) եղել է խորանարդաձև գմբեթով, ուղղանկյուն խորաններով խաչաձև կառույց: Հայաստանում եկեղեց. շենքի խաչաձևությունը՝ քրիստ. կրոնի խորհրդանիշը, առավել հստակ արտահայտվել է «ազատ խաչ» տիպի գմբեթավոր եկեղեցիներում, որոնք ստորաբաժանվում են երեք ենթատիպի՝ քառախորան, եռախորան և միախորան (միայն արլ. կողմում): Դրանց լավագույն օրինակներն են VII դարից անփոփոխ պահպանված՝ Աշտարակի Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցին և վերձիգ համաչափու-

299