Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վերափոխման Մայր տաճարը, Ս. Աննայի և Ս. Հակոբի եկեղեցիներն իրենց համընդհանուր վանքով, Ս. Խաչի եկեղեցին՝ իր վանքով: Կամենից Պոդոլսկում XI–XIV դդ. կառուցվել է 12 եկեղեցի: 1250-ին դեռևս գործող (հետագայում ավերվել է) եկեղեցուց հետո ամենահինը 1394-ին Խութլուբեյի որդի Սինանի ծախքով կառուցված Ս. Նիկողայոսի եկեղեցին էր, որը մեկ դար հետո վերանվանվել է Ս. Աստվածածնի Վերափոխման: 1498-ին կառուցվել է առավել մեծ ու շքեղ նույնանուն (ավերվել է 1939-ին, կանգուն է զանգակատունը), 1522-ին՝ Ս. Աստվածածնի Ավետման եկեղեցին: Վերջինիս բակում Գրիգոր արք. Վարագեցին 1600-ին կառուցել է կուսանոցի շենք: XVII դ. վերջին՝ թուրքերի արշավանքների ժամանակ ավերվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Ստեփանոս Նախավկա, Ս. Խաչ եկեղեցիները: Լուցկ, Լվով, Կամենից Պոդոլսկ քաղաքներում կառուցված 20–22 եկեղեցիներից բացի երկու տասնյակից ավելի եկեղեցիներ են գործել նաև XVI–XVIII դդ. հիմնադրված Լյուբլինի, Զամոշչի, Կուբաչիվցիի, Յարոսլավլի, Տիսմենիցայի, Յազլովեցի, Զլոչովի, Ժվանեցի, Սենյատինի, Ստանիսլավովի, Լիսեցի, Բժեժանիի, Մոգիլյով Պոդոլսկի, Ռաշկովի և լեհահայ այլ գաղթավայրերում: 1367-ին, ըստ Հայոց կաթողիկոս Մեսրոպ Ա Արտազեցու կոնդակի և Կազիմեժ Մեծի դեկրետի, Լեհաստանի և Վալախիայի (Հս. Ռումինիա) Հայ առաքելական եկեղեցու անդրանիկ առաջնորդ է հաստատվել ժողովրդի կողմից ընտրված Գրիգորը: Լեհահայ արքեպիսկոպոսները կես տարի նստել են աթոռանիստ Լվովում, կես տարի՝ Կամենից Պոդոլսկում, որն ուներ եպիսկոպոսական տուն: XV–XVIII դդ. լեհահայ արքեպիսկոպոսության մեջ ընդգրկված էին Լեհաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Վոլոշչիզնայի հայ կրոն. համայնքների 22 թեմերը և մինչև կաթոլիկության ընդունումը (1699) ենթարկվել են Ս. Էջմիածնին: Լեհահայ առաքելական եկեղեցին մինչև XVI դ. վերջը խաղաղ հարաբերությունների մեջ է եղել լեհ կաթոլիկ եկեղեցու և Հռոմի հետ: 1540-ական թթ. Լեհաստանում ռեֆորմիստ. շարժման դեմ դուրս եկած Հակառեֆորմացիան հալածանքներ է սկսել հերետիկոսների ու հերձվածողների, ինչպես նաև լեհահայ առաքելականների դեմ: Լեհահայությանը կաթոլիկացնելու բուն պայքարը սկսվել

ԼԵՀԱՀԱՅՈՑ

410

է 1627-ից, երբ Էջմիածնից Լվով ժամանած, ունիթորությունը գաղտնի ընդունած Մելքիսեդեկ աթոռակից կաթողիկոսը հոգևոր դասից ու ժողովրդից գաղտնի, կաշառքով ու կաթոլիկություն ընդունելու պայմանով Նիկոլ Թորոսովիչին Լվովի Ս. Խաչ եկեղեցում եպիսկոպոս է օծել ու նստեցրել արքեպիսկոպոսական թափուր աթոռին, նրան առաջնորդ չճանաչելու դեպքում ժողովրդին սպառնացել պատիժներով, բարձր հոգևորականությանը՝ բանադրանքով: Լեհահայությունը հայ-հռոմ. եկեղեցիների միության դեմ սկսել է արյունահեղ, վերելքներ ու վայրէջքներ ունեցող պայքար, որը տևել է վեց տասնամյակ: 1629-ին Զիգմունդ III-ը Նիկոլ Թորոսովիչին հաստատել է լեհահայ, մոլդովահայ, ռումինահայ եկեղեցիների արքեպիսկոպոս, իսկ 1630-ին վերջինս բացահայտ ընդունել է կաթոլիկությունը: Լեհահայությունը բազմիցս բողոքագրեր է ուղարկել Հռոմ և Էջմիածին: Արտոնություններից զրկվելու անվերջ սպառնալիքներից երկնչելով՝ լեհահայությունը առերես 1652-ին (2-րդ անգամ՝ 1665ին) ընդունել է կաթոլիկությունը, սակայն ևս երեք տասնամյակ տևող պայքարից հետո՝ 1699ին, լեհ թագավոր Ֆրեդերիկ Ավգուստ II-ի և Հռոմի համաձայնությամբ, Վարդան արք. Հունանյանը լեհահայ առաքելական եկեղեցում անցկացրել է ծիսաարարողական մեծ ու օրինականացված ռեֆորմ: Լեհահայության իրական կաթոլիկացումն ու ուծացումը, սակայն, սկսվել է գաղութի տրոհման շրջանից՝ 1772-ից, երբ տեղի է ունեցել քաղաքականապես ու տնտեսապես թուլացած Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանումը (1793-ին՝ 2-րդ, 1795-ին՝ 3-րդ վերաբաժանումը) Ավստրիայի, Պրուսիայի և Ռուսաստանի միջև, ինչը և պայմանավորել է Լվովի հայ արքեպիսկոպոսության 18 թեմերի վարչական մասնատումը: 1772-ից Լվովը դարձել է Ավստրիայի նոր անվանում կրող նահանգի՝ Գալիցիայի ու Լոդոմերիայի Թագավորության կենտրոնը, իսկ Կամենից Պոդոլսկը, մնալով Լեհական Թագավորության մեջ, Լուցկ, Ռաշկով, Բալտա, Մոգիլյով Պոդոլսկ գաղթավայրերի հետ կրոն. հարցերում սկզբնապես ենթարկվել է Լվովի արքեպիսկոպոսությանը, իսկ 1793-ից, Լիտվայի ու Բելոռուսի հետ անցնելով Ռուսաստանի տիրապետության տակ, մինչև 1810-ը ենթարկվել է Մոգիլյով Պոդոլսկի հռոմեա-կաթոլիկ. եկեղեցուն, այնուհետև՝ նույն քաղաքի Հայ եկեղեցու եպիսկոպոսարանին, 1816-ից՝ ժամանա-