Աստվածաշնչի բովանդակային բաժանումը։ Ս․ Գրքի բաժանումը երկու կտակարանների (կամ ուխտերի) սկզբնավորվել է քրիստոնեության տարածման նախնական շրջանում։ «Ուխտ» եզրը, ինչպես նաև «Հին» և «Նոր» ածականները փոխառված են Ս․ Գրքից և արձագանքն են այն ուխտերի, որոնք Աստված նախ կնքեց Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով Իսրայելի ժողովրդի հետ, ապա ի Քրիստոս՝ մարդկության հետ․ «Այս է Նոր Ուխտի իմ արյունը, որ կթափվի շատերի համար» (Մարկ․ 14․24)։
Ուխտ բառը (եբր․ berit, հուն․ diathek, լատ․ testamentum) նշանակում է փոխադարձ համաձայնություն, դաշինք, և կնքվում է հավասարը հավասարի հետ։ Իսկ Աստծո և մարդու միջև կնքված ուխտը բխում է Աստծո կամքից, և մարդը պետք է ընդունի ու հնազանդվի դրան։ Այս խորհուրդը նկատի ունենալով՝ հունարենի թարգմանիչները ուխտ բառը թարգմանել են կտակարան․ այսինքն՝ աստվածային ուխտը կտակ է, իսկ Աստծո կամքը բովանդակող սրբազան գրքերը կտակարան են։
Ա․ Հին կտակարան։ Քրիստ․ եկեղեցիներում ընդունված է հինկտակարանային գրքերի հետևյալ բովանդակային բաժանումը՝ օրենսդրական, պատմական, իմաստության և մարգարեական։ Հրեաները Հին կտակարանի 22(39) գրքերը բաժանում են երեք մասի՝ Օրենք (Թորա), Մարգարեներ (Նեբիիմ) և Գրքեր կամ Սրբագիրք (Քեթուբիմ)։ Ընդունելով միայն Հին կտակարանը՝ նրանք այն անվանում են ըստ այս եռամասնյա բաժանման կամ կրճատ՝ Օրենք։
Օ ր ե ն ս դ ր ա կ ա ն գ ր ք ե ր։ Եգիպտոսից իսրայելացիների ելքը առաջնորդող մեծագույն մարգարե Մովսեսի գրած Ա-ի այս առաջին հինգ գրքերը կոչվում են նաև Հնգամատյան, որը Հին կտակարանի մնացյալ գրքերի հիմքն է և խարիսխը նորկտակարանային պատմության, քանզի բացահայտում է փրկագործության աստվածային ծրագիրը։ Հնգամատյանը մի շնչով չի գրվել, այլ՝ Աստծուց զանազան օրենքներ ստանալուն համեմատ (իր ներկայիս տեսքով կազմվել է հրեաների քառասնամյա դեգերումների ավարտին, Ք․ծ․ա․ շուրջ XIII դ․)։
Ծննդոց
Ա-ի առաջին գիրքը բովանդակում է Աստծո կողմից հրեա ժողովրդի նահապետների՝ Աբրահամի, Իսահակի, Հակոբի և Հովսեփի ընտրության պատումները՝ մարդկությունն օրհնելու և աշխարհի փրկությունը նախապատրաստելու համար։ Ուստի այս իրադարձություններին նախորդում է մի համապարփակ ներածություն՝ աշխարհի և մարդու արարման, Ադամի և Եվայի անկման ու դրախտից վտարման, մահվան ու տառապանքի առաջացման, ջրհեղեղի, բաբելոնյան աշտարակաշինության, ազգերի կազմավորման և նրանց աշխարհով մեկ սփռվելու մասին։ Այս գրքով Աստված աստիճանաբար բացահայտում է իրեն, ինչն իր լրումը պիտի գտներ ի Քրիստոս։
Ելք
Աբրահամի ժառանգները Եգիպտոսում ապաստան գտնելուց և բազմամարդ ժողովուրդ դառնալուց հետո ստրկացվում են փարավոնի կողմից (ինչպես որ այդ մասին Աստված հայտնել էր Աբրահամին)։ Տերը Մովսեսի միջոցով ազատագրում է իր ժողովրդին, Սինա լեռան վրա ուխտ կնքում ու հայտնում իր պատվիրաններն ու օրենքները։ Աստված պատվիրում է խորան կառուցել իր համար, որպեսզի նրա մեջ լինի։
Ղ-տական
Այս գրքում Աստված իր ժողովրդի հետ խոսում է խորանից։ Աստծո հետ հաղորդակցությունն ինքնին սրբություն էր պահանջում իսրայելացիներից, որպեսզի խորանը ճշմարիտ հանդիպման վայր հանդիսանար։ Ուստի գիրքը հատուկ նվիրված է օրենքին՝ իր բոլոր մանրամասնություններով հանդերձ, ծեսերին, նվիրական անոթներին, քահանաների և սպասավորների՝ ղևտացիների (այստեղից էլ՝ գրքի անվանումը) պարտականություններին։
Թվեր
Իր անվանումը ստացել է երկու մարդահամարներից։ Նկարագրվում է իսրայելացիների քառասնամյա դեգերումը մինչև Մովաբ երկիր (Մեռյալ ծովի արևելքում) հասնելը։ Ցույց է տրված արատներով պատված մարդու իսկությունը և հակառակ դրան՝ Աստծո հավատարմությունն ու արդարությունը, որը, սակայն, չի բացառում նրա խստությունը։
Երկրորդ Օրենք
Ավետյաց երկրի շեմին Մովսեսն անապատում մեծացած նոր սերնդին հիշեցնում է Աստծո կատարած գործերն ու երախտիքները, ուխտը, օրենքները, պատվիրանները և խոստումները։ Սակայն դա սոսկական կրկնությունը չէ նախորդ գրքերի եղելությունների և օրենքի (այստեղից էլ՝ անվանումը), այլ՝ քարոզի միջոցով հիշեցում և նախազգուշացումով