փորձել են այրել ավետարանչի մարմինը, սակայն խարույկ պատրաստելու ժամանակ մեծ դղրդյուն է առաջացել, և բոլորը վախեցած փախել են։ Քրիստոնյաներն ավետարանչի մարմինն ամփոփել են քարե դամբարանի մեջ։ 310-ին Մարկոս ավետարանչի աճյունի վրա կառուցվել է եկեղեցի։ 820-ին, քրիստոնյաների դեմ արաբ․ իշխանությունների հալածանքների ժամանակ, Մարկոս ավետարանչի աճյունը տեղափոխել են Վենետիկ՝ ամփոփելով իր անունը կրող եկեղեցում։
Եկեղեց․ պատկերագրության մեջ Մարկոս ավետարանիչը ներկայացվում է առյուծի տեսքով, որովհետև նրա Ավետարանում ընդգծվում է Քրիստոսի թագավորական պաշտոնը, ինչն ակնարկվում է կենդանիների արքայի՝ առյուծի պատկերագրությամբ։
Մարկոսի Ա-ի բովանդակությունը հիմնականում հետևյալն է․
1․ Հովհաննես Մկրտչի քարոզչությունը, Հիսուսի մկրտությունը (1․1–13)։
2․ Առաքյալների ընտրությունը և որոշ հրաշքներ (1․14–2․17)։
3․ Առակներ, խոսքեր, բժշկումներ, հրաշքներ (2․18–5․43)։
4․ Մեսիայի մերժվելը Իսրայելի կողմից։ Աստծո թագավորության հայտնությունը հեթանոսներին (6․1–8․26)։
5․ Բժշկումներ, կանխասացություններ Մեսիայի խաչելության մասին, Հիսուսի պայծառակերպությունը, ամուսնալուծության և հարստության մասին խոսքերը (8․22–10․52)։
6․ Մուտք Երուսաղեմ և վերջին ուսուցումները (11․1–13․37)։
7․ Վերջին ընթրիք, Հաղորդության խորհըրդի հաստատումը, աղոթք Գեթսեմանիի պարտեզում, մատնություն և ձերբակալում, չարչարանքները, խաչելությունը, մահը, թաղումը և հարությունը (14․1–16․8)։
8․ Հիսուսի երևալն իր աշակերտներին, տիեզեր․ առաքելություն, Հիսուսի համբարձումը (16․9–20)։
Ավետարան ըստ Ղուկասի
Ղուկասի Ա-ի գրության ենթադրյալ վայրերն են Անտիոքը, Հռոմը, Կեսարիան, Հունաստանի Աքայիան ու Բիոտիան և Եփեսոսը։ Առավել հավանական է համարվում Եփեսոսը։ Գրվել է 70-ից ոչ շատ ուշ։ Բաղկացած է 24 գլխից։ Նախատեսված է հեթանոսությունից դարձի եկածների համար։
Ղուկաս ավետարանիչը Հիսուսի 72 աշակերտներից էր, ծնվել է Անտիոքում։ Ծագումով հույն էր, մասնագիտությամբ՝ բժիշկ։ Մի շարք եկեղեց․ հայրեր և մեկնիչներ Ղուկասին նույնացնում են Էմմավուսի երկու ճամփորդներից մեկի հետ (24․13–35), որոնց անուններն ավետարանիչը չի տալիս։ Ղուկաս ավետարանիչը Նոր կտակարանում անվանապես հիշատակվում է հետևյալ հատվածներում՝ Կողոս․ 4․14, Փիլ․ 1․24, Բ Տիմ․ 4․11։ Ավետարանիչը մասնակցել է Պողոս առաքյալի երկրորդ ճանապարհորդությանը՝ դառնալով նրա անբաժան ընկերը։ Պողոս առաքյալի նահատակությունից հետո հեռացել է Հռոմից, եղել Աքայիայում, Լիբիայում, Եգիպտոսում, Թեբեում և այլուր։ Ըստ հին ավանդության՝ նահատակվել է Թեբեում։ Աճյունը Անդրեաս առաքյալի աճյունի հետ Կոստանդին կայսրի օրոք տեղափոխվել է Կ․ Պոլիս։
Ղուկաս ավետարանիչը հեղինակն է նաև Նոր կտակարանի գրքերից Գործք առաքելոցի, որը համարվում է «հինգերորդ Ավետարան » կամ « Սուրբ Հոգու Ավետարան»։ Եկեղեց․ պատկերագրության մեջ Ղուկաս ավետարանիչը ներկայացվում է եզան կերպարանքով, որովհետև նրա Ավետարանում ընդգծվում է Քրիստոսի քահանայական պաշտոնը, ինչն ակնարկվում է զոհաբերության խորհրդանիշը հանդիսացող եզան պատկերագրությամբ։
Ղուկասի Ա․ գրվել է ոմն Թեոփիլոսի խնդրանքով։ Վերջինս հրեա չէր, ուստի ավետարանիչն ավետարանական խորհուրդների բացատրությունները ներկայացրել է առավել մանրամասնորեն՝ հեթանոս միջավայրին հասկանալի դարձնելու համար։ Ղուկաս ավետարանիչը, իր ձեռքի տակ ունենալով այլ աղբյուրներ, փորձել է առավել համակարգված ներկայացնել իր գրած Ա․, ուստի և սկսել է Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումից։
Ղուկասի Ա-ի բովանդակությունը հիմնականում հետևյալն է․
1․ Նախաբան։ Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծննդյան հետ կապված դրվագներ (գլ․ 1–2)։
2․ Հովհաննես Մկրտչի քարոզչությունը, Հիսուսի մկրտությունը, ազգաբանությունը, փորձությունները, քարոզչության սկիզբը (3․1–4․30)։
3․ Հրաշքները Գալիլիայում, Աստծո թագավորության հայտնությունը գործերով և ուսուցումներով (4․ 31–9․50)։