կուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ։ Ա․ Ս․ Ա․ ե-ու պատկերաքանդակներն ակնհայտ ոճական աղերսներ ունեն հայկ․ մանրանկարչության ընդհանրացած ձևերի հետ։ 1840-ի երկրաշարժից քանդվել է եկեղեցու գմբեթը։ 1967–72-ին նորոգվել են Ա․ Ս․ Ա․ ե-ու պատերը և ծածկը։ 1998-ին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հովանավորությամբ վերակառուցվել է եկեղեցու գմբեթն իր նախնական տեսքով՝ բազմանիստ, կիսասյունիկներով զարդարված, հովանոցաձև վեղարով։ Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, շուրջը՝ XIV–XVII դդ․ խաչքարեր և տապանաքարեր։ Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․7, 3-րդ պատկերը։ Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։ Դիվան հայ վիմագրության, պր․ 3, Ե․, 1967։ Թամանյան Յու․, Ազատյան Շ․, Մոմիկը որպես ճարտարապետ, «Էջմիածին», N3, 1969։ Материалы по археологий Кавказа, в․ 13, М․, 1916․
Մուրադ Հասրաթյան
ԱՐԵՎԱԳԱԼԻ ԵՐԳԵՐ, արևածագին նվիրված երգեր։ Ա․ ե-ի հիմն․ բովանդակային առանցքն է լույսի, խորհրդաբանորեն՝ աստվածային էության փառաբանումը։ Նախաքրիստ․ շրջանում կապված են եղել արևի պաշտամունքի հետ և, ամենայն հավանականությամբ, առնչվել մեհենական երգային ավանդույթին։ Հայ եկեղեցու ինը ժամերգություններից մեկը նվիրված է արևագալին։ Ըստ Մ․ արք․ Օրմանյանի, VII դ․, Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու կարգադրությամբ, Առավոտյան ժամերգության վերջին հատվածը զատելով, կազմվել է հատուկ Արևագալի ժամերգություն։ Արևագալի ժամերգությունը մեկնաբանել են Ստեփանոս Սյունեցին (VIII դ․) և Խոսրով Անձևացին (X դ․)։ Մինչև XII դ․ Արևագալի ժամերգությունը ներառել է ժամին պատշաճ սաղմոսները։ XII դ․ Ներսես Շնորհալին, անդրադառնալով այս ժամերգությանը, արևագալի համար ստեղծել է չորս նոր երգ՝ «Յարեւելից մինչ ի մուտըս», «Ճըգնաւորք Աստուծոյ», «Լոյս, արարիչ լուսոյ» և «Ճանապարհ եւ ճշմարտութիւն», սրանց կից՝ չորս հորդորակ։ Կա տեսակետ, որի համաձայն, այս ստեղծագործությունները միջնադարյան հոգևոր երգարվեստի մեջ երգ ժանրի ձևավորման առաջին դրսևորումներից են և կազմավորվել են հոգևոր երգաժանրերի, ինչպես նաև հեթանոս․ պաշտամունք․ արվեստի հիման վրա։ Մասնավորաբար ակնարկվում է միջնադարում տարածված հայկ․ արևորդիներ աղանդի պաշտամունք․, ծիս․ երգարվեստի հետ ունեցած կապը։ Գիշերային և Արևագալի ժամերգությունները փոխարինել են միմյանց, մեկի համար սահմանված օրերին մյուսը զանց է առնվել։ Այժմ արևագալը ժամերգվում է միայն Մեծ պահքի շրջանում։ Գրկ․ Աբեղյան Մ․, Երկ․, Հ․ 3, Ե․, 1968։ Թահմիզյան Ն․, Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ, Ե․, 1973։ Պողարյան Ն․, Ծիսագիտութիւն, Նյու Յորք, 1990։ Օրմանյան Մ․, Ազգապատում, Հ․ 1, ԿՊ, 1912։
Մհեր Նավոյան
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ, Հայոց Հյուսիսային Կողմանց վարդապետներ, XII–XV դդ․ գիտամանկավարժական գործունեությամբ հռչակված վարդապետների, րաբունապետների, վանահայրերի, դավանաբան տեսաբանների, Հայ առաքելական եկեղեցու ավանդության և ինքնուրույնության պաշտպան հոգևորականների ընդհանուր անվանումը։ Հիմնականում գործել են Հայաստանի հս-արլ․ շրջանների վանքերում, գիտամշակութ․ կենտրոններում, վարդապետարաններում (Հաղպատ, Սանահին, Հաղարծին, Քոբայրավանք, Խորակերտ, Խորանաշատ, Գոշավանք, Կեչառիս ևն)։ Ա․ վ-ի անունները պահպանվել են Ներսես Շնորհալու՝ Ա․ վ-ին հղած թղթում և Կիրակոս Գանձակեցու Պատմության մեջ։ Վերջինս նրանց անվանել է «երևելի վարդապետներ»։ Ա․ վ-ից առավել հայտնի են Գրիգոր Տուտեորդին, Դավիթ Քոբայրեցին, Հովհաննես Սարկավագը, Պողոս Տարոնեցին, Մխիթար Գոշը և ուր․, որոնք տարբեր ժամանակներում ստանձնել են Հայոց Հյուսիսային Կողմանց վարդապետների ղեկավարի դերը։ Ա․ վ․, լինելով Հայ եկեղեցու ծիսադավան․ կարգի ընդգծված ավանդապահներ, հանդես են եկել Հայ եկեղեցու ավանդությանը սպառնացող նորամուծությունների դեմ, պաշտպանել նրա նվիրապետ․ և ծիսադավան․ ինքնուրույնությունը Հույն և Հռոմի եկեղեցիների