Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղել Գևորգ եպս․ Ութուճյանը, Թորգոմ արք․ Գուշակյանը, Գրիգորիս եպս․ Պալաքյանը, Արտավազդ արք․ Սուրմեյանը, Սերովբե արք․ Մանուկյանը և ուր․։ Երկրորդ համաշխ․ պատերազմից հետո Արլ․ Եվրոպայի սոցիալիստ․ երկրների հայ համայնքները դուրս են եկել Եվրոպայի հայրապետ․ պատվիրակության կազմից, որն այնուհետև վերանվանվել է Ա․ Ե․ հ․ պ․։ Ժամանակի ընթացքում առանձնացել են նաև Անգլիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Հունաստանի հայ հոգևոր համայնքները։ Ներկայումս Ա․ Ե․ հ․ պ-յան գերակայության ներքո են Ֆրանսիայի հայ համայնքը (Փարիզի, Լիոնի, Մարսելի շրջաններով), Հոլանդիայի հոգևոր հովվությունը, Բելգիայի հոգևոր հովվությունը, Իտալիայի հոգևոր հովվությունը։ Վերջինս կատարում է նաև Ալբանիայի հայ ընտանիքների հոգևոր մատակարարությունը։ Փարիզի շրջան, կենտրոնը՝ Փարիզի Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ 1927-ին կազմավորվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Փարիզի և շրջակայքի կրոն․ ընկերությունը, որի ղեկավար մարմինը ներկայացուցչական ժողովն է (ընտրվում է չորս տարին մեկ, կազմված է 24 աշխարհիկ և 3 եկեղեց․ ներկայացուցիչներից), նախագահն է Փարիզի հայոց հոգևոր առաջնորդը։ Նույն թվականին ստեղծվել են Միջին Ֆրանսիայի (կենտրոնը՝ Լիոն) և Հվ․ Ֆրանսիայի (կենտրոնը՝ Մարսել) թեմական կազմակերպությունները։ Փարիզի առաջնորդին շնորհվել է հայրապետ․ պատվիրակի կարգավիճակ։ Փարիզում առաջին հայկ․ մատուռը՝ Ս․ Էջմիածինը, կառուցվել է 1854-ին (գործել է մինչև 1869-ը)։ 1870-ից հայերն օգտագործել են Փարիզի Վիեն փողոցում գտնվող, բողոքականներին հատկացված ժողովարանը։ 1902-ին կատարվել է Ս․ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքը (Ա․ Մանթաշյանի նյութ․ օժանդակությամբ), 1904-ին՝ օծումը։ Կից գործում է մեկօրյա դպրոց։ Փարիզի հայաբնակ արվարձաններից Ալֆորվիլում 1930-ին կառուցվել է Ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին, կից գործում է Սահակ-Մեսրոպ վարժարանը (ամենօրյա), Առնովիլ լը Գոնեսում 1931-ին կառուցվել է Վարագա Ս․ Խաչ եկեղեցին (օծվել է 1932-ին), կից գործում է շաբաթօրյա վարժարան, Շավիլում 1957-ից գործում է Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 1975-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը կատարել է Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծումը։ Կից գործում է շաբաթօրյա դպրոց։ Փարիզի հայոց առաջնորդն է Արմ․ Եվրոպայի հայրապետ․ պատվիրակ Գյուտ արք․ Նագգաշյանը (1984-ից)։ Լիոնի շրջան, կենտրոնը՝ Լիոնի Ս․ Հակոբ եկեղեցի։ Ընդգրկում է Միջին Ֆրանսիայի Լիոնի և Ռոն-Ալպերի հայաշատ շրջանների քաղաքները։ 1918-ին Լիոնում, Ստեփան Կարապետ Օղլուի նախաձեռնությամբ, ստեղծվել է Ազգային միություն, որը կազմակերպել է հայ համայնքի, հաս․, հետագայում նաև՝ հոգևոր կյանքը։ Միության վարչությունը հայ ընտանիքների բնակության համար Ֆուայե Լիոնե թաղամասում վարձակալել է փայտաշեն տներ։ 1925-ին այդ տներից մեկը վերածվել է մատուռի՝ Ս․ Աստվածածին անունով։ Նույն թվականին Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդ և հայրապետ․ պատվիրակ Գրիգորիս եպս․ Պալաքյանը հանդիպել է Ազգ․ միության ղեկավարների հետ՝ Ազգ․ միությանը զուգահեռ Միջին Ֆրանսիայի թեմական կազմակերպություն ստեղծելու համար։ 1927-ից գործել է Լիոնի և շրջակա թեմերի ազգային գավառական խորհուրդ անունով թեմական կազմակերպությունը՝ իր մեջ ընդգրկելով Լիոնի և Ռոն-Ալպերի շրջանի հայկ․ ծխերը։ Երկրորդ համաշխ․ պատերազմից հետո այս թեմական կազմակերպությունը դադարել է գործել։ 1932-ին Ս․ Աստվածածին մատուռը, պահպանելով անունը, փոխադրվել է մեկ այլ թաղամաս, որտեղ գործել է մինչև 1962-ը։ Կից բացվել է մեկօրյա Հայկազյան վարժարանը (1936-ից)։ 1954-ին եկեղեց․ հանձնաժողովի նախաձեռնությամբ Շինարար տիկնանց հանձնախմբի և Հայաստանյայց եկեղեցու երիտասարդ․ միության գործակցությամբ (բարերար Կարապետ Հակոբյանի նյութ․ օժանդակությամբ) Լիոնում կառուցվել է առաջնորդանիստ Ս․ Հակոբ եկեղեցին (օծվել է 1963-ին)։ Կից գործում է մեկօրյա դպրոց։ Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1981-ին, օծվել՝ 1984-ին։ 1987-ին, Լիոնի շրջանի առաջնորդ Նորվան եպս․ Զաքարյանի ջանքերով, Լիոնի աստվածաբան․ համալսարանում բացվել է Գալուստ Կյուլպենկյանի անվ․ Հայագիտ․ ամբիոն։ 1988-ից ցայսօր Առաջնորդարանին կից գործում է Մարգարյան-Փափազյան ամենօրյա վարժարա-