Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 ու գավառները տեղագրել 20–22 մեծադիր հատորներով, սակայն մասնակիորեն է իրականացրել իր ծրագիրը՝ հրատարակված չորս հատորով՝ «Շիրակ» (1881), «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890) և «Սիսական» (1893)։ Դրանք ներկայացրել է համաձայն հին Հայաստանի նահանգների վարչ․ բաժանման՝ հանգամանորեն անդրադառնալով նաև պատմ․ հուշարձաններին, վանքերին ու եկեղեցիներին, հոգևոր-մշակութ․ կենտրոններին։

Կյանքի վերջին շրջանում, ի մի բերելով հայագիտության տարբեր բնագավառներին վերաբերող նյութերը, Ա․ հրատարակել է «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» (1895) և «Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց» (1895) ուսումնասիրությունները։ «Հին հաւատքում» միմյանցից հեռու բնակվող ժողովուրդների պաշտամունք․ ընդհանրությունները և դրանք արտահայտող բառերի հաճախ միևնույն արմատից ծագելը բացատրում է այն հանգամանքով, որ սկզբնապես բոլորը պաշտել են ճշմարիտ Աստծուն, այնուհետև շեղվել են ճշմարիտ հավատքից՝ կռապաշտ․ ու հեթանոս․ մոլորություններով և այս խոտորումներով հանդերձ պահպանել սկզբն․ հավատքի հեռավոր հիշողությունը։ Ըստ Ալիշանի, ոչ թե հեթանոս․ սովորություններն են քրիստ․ վերիմաստավորման ենթարկվել, այլ պաշտամունքային յուրաքանչյուր ձև, լինելով ճշմարիտ հավատքի խաթարված վիճակ, իր նախասկզբին է գալիս քրիստոնեությամբ։

Ա-ի ավելի քան կեսդարյա գիտագեղ․ գործունեության ամփոփումն է «Հայապատումը» (1901)։ Երկի առաջին մասը՝ «Պատմիչք Հայոց»-ը, նվիրված է հայ պատմագրության պատմությանը, երկրորդը՝ «Պատմութիւնք Հայոց»-ը, տարբեր պատմիչներից ընտրված և դեպքերի ժամանակագր․ կարգով խմբավորված 400 հատվածներով ներկայացնում է վաղագույն շրջանից մինչև XVII դ․ Հայոց պատմությունը։

Ա․ իր գիտ․ մեթոդաբանությունը խարսխել է հոգևոր աշխարհայացքի վրա։ Համաշխ․ պատմությունից բխեցնելով հայոց պատմությունը, որի սկզբնավորումը, ըստ Ա-ի, նույնանում է Ծննդոց գրքին, հեղինակն այն հասցրել է մինչև բաբելոնյան աշտարակաշինությունը, ապա շարունակել Հայկ Նահապետով։ Ա-ի անխախտ համոզմամբ՝ Դրախտը գտնվել է Հայաստանում։ Այդ հավաստելու համար, ի տարբերություն իր նախորդների, չի բավարարվել միայն Աստվածաշնչի և Ընդհանրական եկեղեցու հայրերի խոսքերի վկայակոչմամբ, այլ դիմել է ժամանակի բնագիտության, երկրաբանության, բուսաբանության, հնէաբանության ու մյուս գիտակարգերի քննությամբ վեր հանված փաստական տվյալներին ու նյութերին։ «Դրախտ Հայաստանիի» մխիթարյան ըմբռնումը, թե Դրախտը գտնվել է Հայաստանում, ու Ջրհեղեղից հետո կյանքը վերստին նորոգվել է Հայաստանից՝ Արարատի փեշերից, արտացոլվել է [Ա-ի աշխարհագր․ հատորներից և «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան» (հրտ․ 1904) անավարտ գործից բացի] նաև նրա բանաստեղծություններում («Հայրունի» և գեղ․ արձակում։ Հեղինակը ազգ․ հայրենասիրականի ու հոգևոր եկեղեցականի շաղկապվածության գաղափարը «Յուշիկների» վերջաբանում սահմանել է հետևյալ տողերով․ «Հաւատարիմն Աստուծոյ և իր անձին՝ հաւատարիմ է և հայրենեաց։ Անհաւատարիմն հայրենեաց՝ չէ հաւատարիմ և իր հոգւոյն և ոչ երկնից»։

Եկեղեցու հայրերի ու տարբեր ստեղծագործողների հոգևոր-կրոն․ խորհրդածությունների մի գեղեցիկ ծաղկաքաղ է Ա-ի կազմած ու հրատարակած «Սնունդք սրտի եւ հոգւո» (1888) գրքույկը։ Կրոն․ շեշտված դրոշմ են կրում նրա բանաստեղծ․ ժառանգությունն ամփոփող «Նուագքի» (հ․ 1–5, 1857–58) հատորները («Մանկունի», «Մաղթունի», «Հայրունի», «Տերունի», «Տխրունի»)։ Հայաստանում առաքելական քարոզչությանը, քրիստոնեության տարածմանը և Հայոց դարձին է նվիրված «Արշալոյս քրիստոնեութեան հայոց» (1901) գիտագեղ․ երկը։ Ա․ իր գրեթե բոլոր ստեղծագործությունների տարբեր հատվածներում անդրադարձել է եկեղեցուն, նրա նահատակներին և նշանավոր սրբերին։

Երկ․ Հայոց երգք ռամկական, Վնտ․, 1852։ Քաղաքական աշխարհագրութիւն, Վնտ․, 1853։ Շնորհալի եւ պարագայ իւր, Վնտ․, 1873։ Հայ-Վենետ, Վնտ․, 1896։ Ճառք հոգեւորք վասն միանձանց, մաս 1, 2, Վնտ․, 1904, 1927։

Գրկ․ Երեմյան Ս․, Կենսագրութիւն հ․ Ալիշանի, Վնտ․, 1902։ Սարինյան Ս․, Հայկական ռոմանտիզմ, Ե․, 1966։ Շտիկյան Ս․, Ալիշանի գեղարվեստական ստեղծագործությունը, Ե․, 1967։

Վարդան Դևրիկյան


ԱԽԱԼՑԽԱՅԻ Ս․ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵԿԵՂԵՑԻ, Ս․ Նշան, ՎՀ Ախալցխա քաղաքի Մարդա թաղամասում, Ս․ Նշան բլրի վրա, երբեմնի Զարեհնու Ս․ Նշան եկեղեցու (հիշատակված