տոնայնությամբ ու հնչեղ գույները, կապույտ ֆոնի հետ զուգակցված, ուժեղացնում են որմնանկարների հանդիսավորությունը և ճոխությունը։ Որմնանկարների ստորին շերտը, ավետարանական թեմաներով, անմիջական աղերս ունի XI դ․ հայկ․ մանրանկարչության, հատկապես «Մողնու Ավետարան»-ի պատկերազարդման հետ։ Այդ նմանությունն արտահայտվում է ոչ միայն որմնանկարների պատկերագրության մեջ, այլև մանրամասներում (դեմքերում, հագուստում ևն)։ Իսկ որմնանկարների վերին շերտը ոճով մոտ է բյուզ․ արվեստին։ Հայկ․ մանրանկարչության հետ ոճական ընդհանրությունները, վրաց․ և հուն․ արձանագրությունները վկայում են, որ Ա․ Ս․ Ա․ վ-ի որմնանկարները կատարել են քաղկեդոն․ հայ նկարիչներ։
Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․2, 3-րդ պատկերը։
Գրկ․ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե․, 1982։ Ոսկյան Հ․, Գուգարքի վանքերը, Վնն․, 1960։ Եղիազարյան Հ․, Ախթալայի վանքը և նրա հետ կապված Ախթալա ավանի մյուս հուշարձանները, «Էջմիածին», 1968, № 7։ Մուրադյան Պ․, Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Ե․, 1977։ Շախկյան Գ․, Լոռի․ Պատմության քարակերտ էջերը, Ե․, 1986։ Дурново Л., Очерки изобразительного искусства средневековой Армении. М., 1979; Lidov А., The Mural Painting of Akhtala, Moskow, 1991․
Ալեքսանդր Ջալալյան
Նիկոլայ Քոթանջյան
ԱԿԱՆՑ ԱՆԱՊԱՏ, Ակներ վանք, Կիլիկյան Հայաստանի գլխավոր վանքերից, գրչության, մանրանկարչության և գիտության խոշոր կենտրոն։ Գտնվել է Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին, Բարձրբերդ բերդի մերձակայքում, Ակներ գյուղի շրջակայքում, աղբյուրաշատ վայրում։ Անվանումը ծագել է ակն, ակներ, ակունք բառերից։ Վանքը կառուցել է Լևոն Բ թագավորը 1198–1203-ին, օծել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը։ Գործելով Կիլիկիայի Հայկ․ թագավորության քաղ․ և ռազմ․ հզորության ժամանակաշրջանում՝ վանքը եղել է նաև պետության դիվանագիտ․ ու հոգևոր գործերի խորհրդարան։ Ա․ ա-ի մասին վկայություններ են թողել Սամուել Անեցին (XII դ․), Կիրակոս Գանձակեցին (XIII դ․), Վահրամ Րաբունին (XIII դ․), Հեթում Պատմիչը (XIV դ․), Դավիթ Բաղիշեցին (XVII դ․)։ Համակառույցի կազմում հիշատակվում են երեք եկեղեցիներ՝ Ս․ Աստվածածին, Ս․ Հակոբ (կամ Ս․ Նշան) և Ս․ Առաքելոց։
ԱԿԱՆՑ Ա․ ա․ իր գոյության համեմատաբար կարճ ժամանակամիջոցում համահայկ․ հռչակ է վայելել գրչության արվեստով։ Վկայություններ կան նաև Արլ․ Հայաստանի հետ կապերի մասին։ Գրչության դպրոցից մեզ հասած ամենահին ձեռագիրը 1215-ից է, ամենաուշը՝ 1342-ից։ Վանքում ընդօրինակվել են բազմաթիվ հոգևոր ճառերի ժողովածուներ, Ժամանակագրություններ, Ավետարաններ, Մաշտոց, Նարեկ, Շարակնոց, Ագաթանգեղոսի Պատմությունը, մեկնություններ ևն (մեզ է հասել շուրջ 30 ձեռագիր), որոնց հիշատակարաններում տեղեկություններ կան ժամանակի դեպքերի, պատմ․ անձերի մասին։ Գրչության բարձր արվեստով նշանավոր են Պետրոսի, Դավթի, Բարսեղի, Ղազարի, Վարդանի, Ներսեսի, նրա որդի Սերովբեի և այլոց ձեռագրերը։ Ա․ ա-ի միաբաններից էր պատմիչ Գրիգոր Ակներցին։ Նա, 1273-ին կատարելությամբ ընդօրինակելով Միքայել Ասորու «Ժամանակագրութիւն»-ը, գրել է նաև «Պատմութիւն վասն ազգին նետողաց» աշխատությունը։
Ա․ ա․ եղել է XIII դ․ կիլիկյան մանրանկարչության վերելքի շրջանի ինքնատիպ կենտրոններից մեկը, Գռների և Բարձրբերդի գրչատների հետ կազմել Հովհաննես Արքաեղբայր րաբունապետի մանրանկարչական «դպրոցը», որտեղ մշակվել է գրքի գեղ․ ձևավորման մի ոճ, որի առանձնահատուկ կողմերն են՝ մարդկային մարմնի համաչափությունների և զարդապատկերների առանձին դրվագների ճիշտ վերարտադրությունը, պատկերագր․ որոշ կանոնների ինքնատիպ լուծման ձգտումը, կատարման յուրահատուկ գրաֆիկական տեխնիկայի կիրառումը։ Ա․ ա-ում ընդօրինակված և պատկերազարդված ձեռագրերից նշանավոր են 1287-ի Ավետարանը, «Վասակ իշխանի Ավետարանը», որոնց նախատիպն է եղել «Կեռան թագուհու Ավետարանը» (1272)՝ նվիրված «Ի վանս որ կոչի Ակներ»։ Ա․ ա-ում են գործել Պողոս, Գրիգոր, Կարապետ, Հովհաննես ծաղկողները, Ըռուբեն, Բարսեղ քահանա կազմողները և ուրիշներ։
Ա․ ա-ի միաբանությունը եռանդուն մասնակցություն է ունեցել Կիլիկյան Հայաստանի կրոնաեկեղեց․ գործերին։ Հայոց Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսը 1306-ին Հեթում Բ-ին ուղղած մի թղթում հիշում է Ա․ ա-ի միաբանությունը՝ որպես պարկեշտ, կատարյալ և խելոք