Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 Ա․ օրհնվում է նաև Տնօրհնեքի (տես Հոգևոր բարեպաշտական արարողություններ հոդվածում) ժամանակ և այլ պարագաներում։

Եղիշե ավ․ քհն․ Սարգսյան

Լևոն Սարգսյան


ԱՂԱՆԴ, համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, բուդդայականություն, մահմեդականություն ևն) ընդդիմադիր հոսանք, ուսմունք, դավանանք կամ վարդապետություն, որ խոտորվում է հիմնական կամ պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան։ Քրիստոնեության ներսում Ա․ է անվանվում մարդկանց (հավատացյալների) խումբը, որն անջատվել է հասարակայնորեն ընդունված հիմն․ կրոնական ուսմունքից կամ համայնքից, համեմատաբար փոքրաթիվ է և ինքն իր մեջ պարփակված։

Ա-ի հետևորդներն ապրում և քարոզում են իրենց «ուսուցչի» գաղափարներն ու բարոյական նորմերը։ Աղանդավորների համոզմունքները հիմնվում են իրենց առաջնորդի կարծեցյալ առավելությունների, հեղինակության, նրա աստվածացման վրա, ինչը հանգեցնում է քրիստ․ ուղղափառ վարդապետության ժխտման, Աստվածաշնչի աղավաղման կամ աղավաղված մեկնաբանման։ Ուստի մեծամասնության կողմից Ա․ համարվում է կեղծ, վնասակար և վտանգավոր։

Ա․, հերետիկոսություն, հերձված հասկացությունների սահմանները այնքան էլ հստակ չեն։ Հերետիկոսությունը տարբեր է հերձվածից, որը նույնպես նշանակում է մեկուսացում հավատացյալների եկեղեց․ համայնքի կազմից։ Հնում հերձված ասելով նկատի են ունեցել եկեղեցու դավանանքի այս կամ այն մեկնաբանությունը չընդունող կամ այլ կերպ մեկնաբանող քրիստ․ ուղղությունները, մինչդեռ Ա․ ասելով հասկացել են ոչ քրիստ․ կրոնները։

Ա-ի և հերետիկոսության տարբերությունն այն է, որ վերջինս նշանակում է ոչ այնքան մարդկանց ամբողջություն, որ հետևում է որոշակի ուսմունքի, որքան՝ հենց ուսմունքի բուն բովանդակությունը։

Եվրոպայում Ա-ները (հատկապես Վերածննդից հետո) ժամանակի ընթացքում հասել են ճանաչման և կրոն․ պայքարի ընթացքում՝ նայած իշխանությունների հետ ունեցած նրանց հարաբերություններին, երբեմն կոչվել են Ա-ներ, երբեմն էլ՝ եկեղեցիներ, դավանանքներ կամ կրոններ։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ հիմն․ հերետիկոս․ վարդապետությունների ներկայացուցիչները մի որոշակի շրջանում՝ I–VII դդ․, հանդես են եկել ոչ թե որպես եկեղեցու ուսմունքի և հեղինակության ժխտողներ, այլ իբրև այդ ուսմունքի այս կամ այն կետը մեկնաբանելու և բանաձևելու փորձ կատարողներ՝ չբացառելով դեռևս կայուն, դոգմատիկ բանաձևը։ Հերետիկոս․ այս շարժումների նախաձեռնողներն իրենց չեն համարել եկեղեց․ ավանդության ընդդիմադիրներ, այլ հակառակը, հանդես են եկել որպես ավանդության արտահայտիչներ ու շարունակողներ։ Եկեղեց․ դատին ներկայացնելով իրենց դավանանքը՝ նրանք կամ ենթարկվել են նրա որոշումներին, կամ էլ, չհամաձայնելով, կտրել հաղորդակցությունը պաշտոն․ եկեղեցու հետ և սկսել իրենց հատուկ կրոն․ կյանքը։ Առանձնանալով՝ նրանք իրենց դավանությունը վեր են դասել եկեղեցու ընդունած դոգմաներից։ Ա․ եզրույթը, որ նախն․ շրջանում դիտվել է ընդամենը որպես հերետիկոսություն բառի հոմանիշ, այս շրջանում ձեռք է բերել առավել նվազ ծայրահեղական նրբիմաստ, քան հերետիկոսությունը։

Հին և նորագույն ժամանակաշրջանի առանձին մտածողների և աղանդավորների կարծիքով՝ կրոն․ ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին և Նոր կտակարաններում․ նրա հատիկները ցանված են ամենուրեք՝ լավագույն հեթանոս․ կրոններում, առանձին փիլիսոփաների և բանաստեղծների ստեղծագործություններում ևն։ Դրանք սինկրետիկ (չտարբերակված) Ա-ներն են, օր․՝ գնոստիցիզմը։ Ա-ները հնուց ի վեր բաժանվում են երկու խմբի՝ ռացիոնալիստական և միստիկական։ Առաջինները Հայտնության և մարդկային գիտակցության միջև միակ միջոցն են դիտում բանականությունը և նույնիսկ որպես Հայտնություն չեն ճանաչում այն ամենը, ինչ վեր է բանականությունից կամ դեմ է նրան։ Երկրորդները հավատում են, որ Հայտնությունը մարդուն կարող է հաղորդվել բանականորեն անճառելի և գաղտնի ուղիներով՝ տեսիլքով, մարգարեությամբ ևն։ Ստացված հայտնությունները նրանք հաճախ վեր են դասում անգամ գրվածքներից («Գիրը սպանում է, հոգին՝ ապրեցնում» սկզբունքից ելնելով)։

Ա-ները, որպես առանձին՝ կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր կեցվածք ունեն ոչ