Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 Զաքարեին է ուղարկել նաև շարժական սեղան և ծիսական այլ պարագաներ։ Սակայն այդ նորամուծությանը հակադրվել են Հս․ Հայաստանի վարդապետները (տես Արևելյան վարդապետներ)՝ այն դիտելով իբրև զիջում քաղկեդոն․ Վրաց եկեղեցուն։ Վարդապետների դիմադրությունը կոտրելու և խնդիրը կրկին քննարկելու համար Զաքարե ամիրսպասալարը 1205-ին ժողով է հրավիրել Լոռե բերդաքաղաքում, սակայն արդյունքի չի հասել։ 1207-ի Ա․ ե․ ժ․, որին, ըստ XIII դ․ պատմիչ Կիրակոս Գանձակեցու, ներկա են եղել Լոռեի ժողովի բոլոր մասնակիցները՝ Հաղպատի, Անիի, Բջնիի, Դվինի, Կարսի եպիսկոպոսները, վարդապետները, այդ թվում՝ Մխիթար Գոշը, Դավիթ Քոբայրեցին և ուր․, կրկին մերժել է ծիս․ այդ նորամուծությունը։ Սակայն Զաքարե ամիրսպասալարն անձն․ նախաձեռնությամբ այն կիրառել է հայկ․ բանակում։

Գրկ․ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե․, 1982։

Ազատ Բոզոյան


ԱՆԻԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ, Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստը 992–1046-ին։ 961-ին Անին Հայոց մայրաքաղաք հռչակած Աշոտ Գ Ողորմած թագավորը քաղ․ և հոգևոր մեկ կենտրոն ունենալու մտադրությամբ Աղթամարից Անի է հրավիրել Անանիա Ա Մոկացի կաթողիկոսին, որը եկել է Շիրակ, բայց հաստատվել Անիի մերձակա Արգինայում։ Կարճ ժամանակով Անիում աթոռակալել է Անանիա Ա Մոկացու հաջորդներից Ստեփանոս Գ Սևանցին, բայց հետո, Խաչիկ Ա Արշարունու օրոք կրկին աթոռանիստ է դարձել Արգինան, որտեղ կառուցվել են համապատասխան եկեղեցի և այլ անհրաժեշտ շինություններ։

Սմբատ Բ Տիեզերակալ թագավորի ժամանակ կրկին դրվել է կաթողիկոս․ աթոռը Անի փոխադրելու հարցը, և սկսվել քաղաքի մեծ Կաթողիկեի՝ Մայր տաճարի շինարարությունը (մինչ այդ Աշոտ Գ Ողորմածը կաթողիկոսարանի համար կառուցել էր եկեղեցի, որն աղբյուրներում հիշատակվում է որպես «զփոքր Կաթողիկէն Անւոյ»)։ Սմբատ Բ-ին հաջորդած Գագիկ Ա Բագրատունին և նրա կինը՝ Կատրանիդեն (վերջինս ստանձնել է անավարտ Կաթողիկեի շինարարության հովանավորութունը), խոստացել են իրականացնել դեռևս Աշոտ Գ Ողորմածի ժամանակ ծրագրված նպատակը, և 992-ին Գագիկ Ա-ի կամքով կաթողիկոս ձեռնադրված Սարգիս Ա Սևանցին վերջնականապես թողել է Արգինան ու հաստատվել Անիում։ Քաղաքում շուտով ավարտվել է Կաթողիկեի շինարարությունը (1001), իսկ կաթողիկոսը նրա հարևանությամբ հիմնել է Ս․ Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը։

Անիի նորահաստատ կաթողիկոսարանը դարձել է երկրի հոգևոր ու եկեղեց․ կյանքի առաջատար կենտրոնը։ Արգինայից այստեղ են տեղափոխվել կաթողիկոսարանի բարձրագույն հոգևոր դպրոցը՝ վարդապետարանը, հարուստ դիվանն ու մատենադարանը։ Ա․ կ-ում են գտնվել ժամանակի նշանավոր վարդապետներից շատերը (Արիստակես Լաստիվերցին անվանապես նշում է նրանցից երեքին՝ Սարգսին, Տիրանունին, Ենոքին)։ Սարգիս Ա կաթողիկոսի աթոռակալության տարիներին Հայաստանյայց առաքելական եկեղեցին բարգավաճել է, կարգավորվել են եկեղեց․ կյանքի զանազան խնդիրներ, վերականգնվել Սյունյաց մետրոպոլիտությունը, անհրաժեշտ պայքար է մղվել աղանդավոր․ շարժումների դեմ։

1019-ին ծերացած Սարգիս Ա Սևանցին իր փոխարեն կաթողիկոս է ձեռնադրել Պետրոս Ա Գետադարձին։ Նրա օրոք սկիզբ է առել Բագրատունիների թագավորության քաղ․ ճգնաժամը, որը խիստ բացասական հետևանք է ունեցել նաև կաթողիկոս․ աթոռի համար։ Ինքը՝ Պետրոս Ա Գետադարձը, բացահայտ միջամտելով քաղ․ խնդիրներին, ավելի է բարդացրել իրավիճակը։ Արդյունքը եղել է այն, որ նա 1037-ին Անիում աթոռանկ է արվել, և թագավորի կամքով կաթողիկոս է ձեռնադրվել Սանահինի վանահայր Դիոսկորոսը, բայց մեկ ու կես տարի անց կրկին վերականգնվել է նախկին վիճակը։ Դրությունն ավելի է ծանրացել Բագրատունիների թագավորության անկումից (1045) հետո, երբ բյուզանդացիները, Հայոց քաղ․ իշխանությունը վերացնելով, պայքար են սկսել նաև եկեղեց․ իշխանության դեմ։ Նախ Անիից հեռացրել են Պետրոս Ա Գետադարձին (1046-ի վերջ), ապա՝ նրա տեղապահ Խաչիկ Անեցուն (1047-ի սկիզբ) և իրենց տիրապետության օրոք այլևս թույլ չեն տվել, որ Հայոց հայրապետները ոտք դնեն նախկին աթոռանիստ։ Որոշ ժամանակ Պետրոս Ա Գետադարձին Պոլսում պահելուց հետո թույլատրել են հաստատվել Սեբաստիայում, որտեղ և նա