Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 գործում․ տաճարի միջին՝ գմբեթակիր նավը գերիշխում է շենքի ողջ ներքին տարածության վրա՝ շնորհիվ կողմնային նավերի զգալի նեղացման։ Մույթերի և որմնամույթերի փնջաձև տրոհումը, կամարների սլաքաձևությունը Ա․ Մ․ տ-ին հաղորդում են շեշտված վերսլացություն։ Եկեղեցու ներսի այդպիսի լուծումը, հատկապես մույթերի՝ ջլաղեղների նմանությամբ մասնատումը XII–XIV դդ․ դարձել են Արմ․ Եվրոպայում ձևավորված ու տարածված գոթական ճարտ-յան բնորոշ հատկանիշները։ Իր այս առանձնահատկությունների, կառուցվածքային կատարելության և գեղաշուք հարդարանքի շնորհիվ Ա․ Մ․ տ․ դասվում է համաշխարհային ճարտ-յան լավագույն ստեղծագործությունների թվին։

Կատրանիդե թագուհին Ա․ Մ․ տ․ զարդարել է «ծիրանեծաղիկ ոսկեղեն» գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Բ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։

1010-ական թթ․ Ա․ Մ․ տ-ի կողքին կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին (992–1019) կառուցել է Ս․ Հռիփսիմյանց վկայարան։ 1040–1050-ական թթ․ Ա․ Մ․ տ-ի արլ․ և արմ․ ճակատներին արձանագրվել են Առոն Մագիստրոսի և Բագրատ Մագիստրոսի կատարած գործերը (պարիսպների վերակառուցում, քաղաքի ջրատարն անցկացնելը, անեցիների հարկերը թեթևացնելը)։

1064-ին սելջուկները գրավել են Անին և Ա․ Մ․ տ․ վերածել մզկիթի։ 1124-ին Անիի ամիրան Ա․ Մ․ տ-ի գմբեթին խոշոր մահիկ է զետեղել։ Զայրացած անեցիները հրավիրել են Վրաց Դավիթ Շինարար թագավորին և քաղաքի դարպասները բացել նրա զորքի առջև։ Ա․ Մ․ տ․ վերստին օծվել է և գործել որպես եկեղեցի՝ կրկին կարևոր տեղ գրավելով հայ հոգևոր կյանքում։ XII դ․ տաճարի սպասավորներն են եղել Հովհաննես Սարկավագը, պատմիչ Սամուել Անեցին, պատմիչ և թարգմանիչ Մխիթար Անեցին։ 1126-ին վրացիները ստիպված Անին վերադարձրել են Շադդադյաններին, որոնք երդվել են այլևս Ա․ Մ․ տ-ի նկատմամբ ոտնձգություններ չանել։ 1198-ին Անին Զաքարյան իշխանների ազատագրելուց հետո, XIII դ․ Ա․ Մ․ տ․ բազմաթիվ նվիրատվություններ է ստացել (կրպակ, ձիթհանք, արծաթե սպասք, Ավետարան ևն)։ 1213-ին Տիգրան Հոնենցը նորոգել է տաճարի խարխլված աստիճանները։ 1319-ի երկրաշարժից քանդվել է Ա․ Մ․ տ-ի գմբեթը, 1988-ի երկրաշարժից՝ հս-արմ․ անկյունը։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․6, 4-րդ պատկերը։

Գրկ․ Ջալալյանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս, 1858։ Ալիշան Ղ․, Շիրակ, Վնտ․, 1881։ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 1, Ե․, 1942։ Հարությունյան Վ․, Անի քաղաքը, Ե․, 1964։ Դիվան հայ վիմագրության, պր․ 1, Ե․, 1966։ Մաթեվոսյան Կ․, Անի, Ե․, 1997։Марр Н.Я., Ани. Е.,1939; Орбели И.А. Избранные труды. Е.,1963; Strzygowski J․, Die Baukunst der Armenier und Europa, t․ 1–2, Wien, 1918; Cuneo P․, L’architettura della scuola regionale di Ani nell’Armenia medievale, Roma, 1977; Ani, Milano, 1984 (Documenti di architettura armena, 12)․

Մուրադ Հասրաթյան


ԱՆԻԻ Ս․ ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑԻ, կառուցվել է 1004–1031-ին։ Ներսից՝ քառախորան, չորս անկյուններում՝ մատուռ-ավանդատներով, արտաքուստ քառակուսի հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է։ Ճակատները մասնատված են երկուական խորշերով և հարդարված որմնակամարներով։ Ա․ Ս․ Ա․ ե․ Ավանի կաթողիկոսության Ս․ Հովհաննես եկեղեցուց հետո հայկ․ երկրորդ հնգագմբեթ եկեղեցին է։

XII դ․ Ա․ Ս․ Ա․ ե-ուն հվ-ից կցել են գավիթ, որի ծածկը խաչվող կամարների կիրառման վաղ օրինակներից է։ Հարթ առաստաղը կազմված է սև ու կապույտ ներկված քարե սալերից։ Արլ․ ճակատի կենտրոնում շքամուտքի խորշն է, երկու կողմերում՝ զույգ խորշերով (այս հորինվածքը նախօրինակ է ծառայել Երևանի Մատենադարանի գլխ․ ճակատի