Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 Հովհ․ 13․3–11) և ապա, արծաթ դրամը նետելով եկեղեցու մեջ, ինքնասպան եղել։ Նրա զըղջումն ընդունելի չեղավ Աստծուն։ Եկեղեցու մեկնաբանական ընթերցվածքի համաձայն՝ նա ինքն իրեն սպանել է ոչ թե ճշմարիտ զղջումից ելնելով, այլ՝ չարության հարուցած հուսահատությունից, ստանալով իր անիրավության վարձը։ Պետրոս առաքյալը Հուդայի վերաբերյալ բերում է սաղմոսների մարգարեական խոսքերը․ «Թող նրա տունը ավերակ լինի, և չգտնվի մեկը, որ նրա մեջ բնակվի» և՝ «Նրա պաշտոնը թող ուրիշն առնի» (Գործք 1․15–26)։ Ա․, Պետրոս առաքյալի առաջնորդությամբ, վիճակ գցելով, «կորստյան որդու»՝ Հուդա Իսկարիովտացու փոխարեն ընտրել են Մատաթիային։

Մատաթիա («Տիրոջ պարգև») առաքյալը հիշված է Գործք առաքելոցում (Գործք 1․15–26)։ Վիճակահանությամբ ժամանակավորապես դասվել է տասնմեկ Ա-ի շարքը՝ որպես տասներկուերորդը։ Նա Հուդայից էր, հետևորդը Հիսուսի՝ Հորդանան գետում նրա մկրտությունից մինչև համբարձվելը։ Հավանաբար քարոզել է Հրեաստանում և Եթովպիայում (ավանդություն), նահատակվել՝ քարկոծմամբ։ Պողոս առաքյալի՝ աստվածային հայտնությամբ ընտրվելուց հետո Մատաթիան դասվել է Քրիստոսի 70 (72) աշակերտների շարքը։

Հայ եկեղեցին Մատաթիա առաքյալի հիշատակը տոնում է ս․ Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ Անանիայի, Փիլիպպոսի և մյուս սրբերի հետ։

Պողոս առաքյալը, որը համարվում է 13-րդը, ծնունդով Կիլիկիայի Տարսոն քաղաքից էր, որի համար էլ կոչվել է Տարսոնացի։ Հրեական անունը՝ Սավուղ (հունական ձևով՝ Սողոս)։ Հռոմի քաղաքացի էր, կրթությամբ ու դավանանքով՝ փարիսեցի, արհեստով՝ վրանագործ։ Ելնելով հայրենի օրենքի և ավանդույթի հանդեպ նախանձախնդրությունից՝ հալածել է քրիստոնյաներին, նրանց մատնել աքսորի և սպանության։ Նա մասնակից էր Ստեփանոս Նախավկայի սպանությանը (Գործք 7․54–59)։ Սակայն Սավուղը կամ Սողոսը (Գործք 9․) Դամասկոս մեկնելու ճանապարհին հանդիպել է հարուցյալ Հիսուսին, որը նրան կարգել է հեթանոսների առաքյալ։ Հիսուսին որպես Աստծո Որդի և Փրկիչ ընդունելուց հետո նա, Սուրբ Հոգով լցված, քարոզել է Դամասկոսում, Երուսաղեմում, Անտիոքում, Կիպրոսում, Պամփյուլիայում, Լյուստրիայում (Իկոնիոն), Փռյուգիայում, Հունաստանում, Հռոմում և այլուր՝ ենթարկվելով բազում հալածանքների, չարչարանքների, աքսորի, արկածների, բանտարկության ևն։ Պողոս առաքյալը հեղինակ է 14 առաքելական թղթերի, որոնք Ընդհանրական եկեղեցին դիտում է որպես ուղեցույց թղթեր՝ Քրիստոսի վարդապետության ճշմարիտ ընկալման առումով։ Դրանք ուղղված են հռոմեացիներին, կորնթացիներին, եբրայեցիներին, հեթանոս նորադարձներին և սփյուռքի հավատացյալ հրեաներին։ Պողոս առաքյալի թղթերը համարվում են քրիստ․ մտքի ռահվիրաներ՝ գրված ավելի վաղ, քան Ավետարանները։ Նա Հռոմում, 67 կամ 68-ին, Ներոն կայսրի օրոք, մարտիրոսական պսակ է ընդունել՝ գլխատվելով։

Հայ եկեղեցին Պողոս առաքյալի հիշատակը տոնում է Պետրոս առաքյալի հետ, Ավագ տոների ընթացքում (Սուրբ Ծննդից շուրջ 10 օր առաջ)։

Հայ եկեղեցին Քրիստոսի Ա-ի հիշատակը տոնում է նաև միասին՝ Հոգեգալստյան վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը («Սրբոց երկոտասան առաքելոցն Քրիստոսի և Սրբոյն Պողոսի երեքտասաներորդ առաքելոյն»)։

Յոթանասուն կամ յոթանասուներկու աշակերտներ կամ առաքյալներ։ Բացի տասներկուսից Հիսուսն ընտրեց նաև յոթանասունին (ըստ այլ հաշվարկների՝ յոթանասուներկուսին), որոնց ևս տվեց իշխանություն՝ Ավետարանը քարոզելու, մարդկանց միջից դևեր հանելու և զանազան բժշկումներ կատարելու (Ղուկ․ 10․1–24)։ Նրանց անունները ստույգ հայտնի չեն, թեև կան որոշ պարականոն զրույցներ, որոնցում հիշատակվում են ինչ-ինչ անուններ ու վարքաբան․ դրվագներ։ Սակայն ամենահավաստի իրողությունն այն է, որ դա եղել է առանձին խումբ՝ Աստծո Որդու թագավորության բարի լուրը քարոզելու և Սուրբ Հոգով բժշկելու համար։ Ի տարբերություն տասներկուսի, որոնք միշտ Հիսուսի հետ են շրջել, նրանք գործել են նաև առանձին-առանձին՝ ուղարկվելով Հրեաստանի տարբեր գավառներ, իսկ Հիսուսի խաչելությունից ու համբարձվելուց հետո՝ նաև աշխարհի տարբեր երկրներ։

Ըստ եկեղեցու մեկնողական ընթերցման՝ Հին ուխտում նկարագրված տասներկու աղբյուրները խորհրդանշում են տասներկու Ա-ին, յոթանասուն կամ յոթանասուներկու արմավենիները՝ յոթանասուն (յոթանասուներկու) աշակերտներին (Ելք 15․27), իսկ երկու խմբերը, իրենց թվաքանակով, Հիսուսից (իբրև