Սեղբեստրոս հայրապետին՝ գայիսոնը ձեռքին, բյուզ․ Թեոդոս կայսրին, Ներսես Ա Մեծին, Աբգար թագավորին, Սահակ Ա Պարթևին, Տրդատ Գ արքային, Գրիգոր Ա Լուսավորչին և բյուզ․ Կոստանդին կայսրին։ Գմբեթակիր կամարների անկյուններում նկարված են չորս ավետարանիչների խորհրդանիշները։ Սլաքաձև որմնանկարներով մշակված աղյուսաշեն արտաքին պատերի միակ հարդարանքը Հվ․ ճակատի՝ Քրիստոսի մկրտությունը պատկերող բարձրաքանդակն է։ Վանքում պահվել են Ստեփանոս Նախավկայի և Արիստակես Ա Պարթևի արծաթե Աջերը։ Գրկ․ Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Ե․, 1990։ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Լալայան Ե․, Նախիջևանի ոստիկանական շրջան կամ Նախճավան, Թ․, 1902։ Հասրաթյան Մ․, Աստապատի վանքի ճարտարապետական համալիրը, ՊԲՀ, 1975, No 1։ Մուրադ Հասրաթյան
ԱՍՏՎԱԾ, սուրբ և բարձրագույն անուն՝ տրված երևելի և աներևույթ աշխարհների ու արարածների հավիտենական Արարչին։ Անունը փոխառված է փռյուգերենից և պատճենումն է թրակո-փռյուգական աստվածություն ∑αβάζІος-ի։ Ըստ Հովհաննես առաքյալի՝ «Աստված սեր է» (Ա Հովհ․ 4․8)։ Բառը իր ամենից ընդարձակ և հին իմաստով նշանակում է գերագույն էակ կամ էակներ, որոնք տիեզերքին իշխող անտեսանելի և վերբնութենական զորություններ են։ Քրիստ․ հավատի ըմբռնումով «Աստված» բառի իմաստը բոլորովին տարբեր է։ Հայ իրականության մեջ այն ստուգաբանվել է «աստ էած զմեզ» (Խոսրով Անձևացի, Ներսես Լամբրոնացի, Հովհաննես Վանական), այսինքն՝ այստեղ բերող կամ հաստատող իմաստով, ինչն ընդգծում է նրա Արարիչ լինելը։ Աստծո մասին հավատը չի ծնվել մարդու՝ իրեն շրջապատող խորհրդավոր և անանձնական ուժերի հանդեպ վախից։ Այն հիմնված է Աստվածաշնչի վրա, ուր Աստված ներկա է որպես բացարձակ իրողություն․ իբրև այդպիսին նա անդրանցական (Ա․ ինքն իր համար) և անձնական (Ա․ մարդու համար) է։ Անդրանցականությունը ցույց է տալիս Աստծո լիակատար անմատչելիությունը, տիեզերականությունը, սեռական պատկանելության բացակայությունը ևն, իսկ անձնականությունը՝ մարդու հետ նրա կենդանի հարաբերությունը։ Երբ Աստվածաշունչը խոսում է Աստծո մասին, նա խոսում է կենդանի Աստծո մասին, որի հետ կարող է խոսել մարդը և որը հիմնավորապես տարբեր է անկենդան չաստվածներից, որոնք չեն կարող լինել Բան (Խոսք) և ասել․ «Ես»։
Կենդանի Աստծո և մարդու հաղորդակցությունից զարգանում է յուրահատուկ հարաբերություն՝ կենդանի Աստծո և հավատացյալի միջև, հարաբերություն, որ անհատական բնույթ ունի՝ անձնական բարեկամության և մտերմության իր արտահայտությամբ։ Այդ հարաբերությունն իր ներքին ուժը ստանում է Աստծո բարյացակամ նախաձեռնությունից։
Հին կտակարանում Ա․ ինքն իրեն կոչել է Յահվե, որը նշանակում է «Ես եմ, որ Էն»։ Եբրայերեն անվանվում է նաև Էլոհիմ (Ելոհիմ), որ հոգնակի է և, ըստ ոմանց, այդպես է գործածվել՝ Աստվածության մեջ Երրորդությունը մատնանշելու համար։ Նա Արարիչն է երկնի և երկրի, ստեղծիչը մարդու և «երկնի և երկրի Տերը»։ Ըստ Ծննդոց գրքի՝ Ա․ կատարեց իր արարչագործությունը վեց հանգրվաններով, որոնցից առաջինը՝ լույսի արարչությունն է։ Հաջորդ հանգրվաններում Ա․ ստեղծեց տիեզերքը, կյանքը և մարդուն (Ծննդ․ 1)։ Նա մարդուն ստեղծեց իր նմանությամբ և ըստ իր պատկերի՝ նրան տալով բանականություն և ազատ կամք, որով և՝ իր արարքների պատասխանատվությունը։
Միակ Աստծո պաշտամունքը հայտնվել է հրեա ժողովրդի մեջ։ Հին կտակարանում Ա․ խոսում է իր ստեղծած առաջին մարդու՝ Ադամի հետ և նրան տալիս առաջին պատվիրանը։ Մարդը մեղանչում է։ Ա․ ընտրում է իր սեփական ժողովրդին, որպեսզի վերականգնի անկյալ մարդուն։ Ա․ խոսում է իր ժողովրդի հետ նահապետների և մարգարեների միջոցով։ Նա ուխտ է կնքում իր ընտրյալ ժողովրդի հետ, որով խոստանում է լինել այդ ժողովրդի Ա․։ Հրեա ժողովուրդը հավատում է իր Աստծո զորությանը և կոչում է այն «Տէր զորութեանց», հավատում է նրա կենսունակությանը և կոչում այն «Աստված կենդանի», հավատում է նաև նրա սրբությանը և կոչում այն «Սուրբ, Իսրայելի Սուրբը»՝ երիցս անգամ։ Իր փրկարար զորությամբ Ա․ միջամտում է ընտրյալ ժողովրդի պատմությանը և դառնում նրա փրկարարը՝ նրան ազատելով Եգիպտոսի գերությունից և վերադարձնելով իր Ավետյաց երկիրը, որպեսզի ապրի աստվածային պատվիրանների համաձայն և իր հավատարմությամբ