Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 ծաբան-դավանաբան․ երկերը։ Դավան․ պայքարի զուտ տեսական հարցերին զուգորդվել են գործն․ բնույթի հարցերը (ծիսապաշտամունքային, եկեղեց․ իրավունքի ևն), որոնք բխել են թե՛ ընդհանրապես եկեղեց․ կարգերի և թե՛ ազգային-եկեղեց․ առանձնահատկությունների պահպանման մտահոգությունից։ Աստվածաբան․ և դավանաբան․ երկերը նաև առատ նյութ են տալիս միջնադարյան Հայաստանի ներքին կյանքի, ինչպես նաև հարևան և հեռավոր երկրների հետ նրա ունեցած փոխհարաբերությունների ուսումնասիրության համար։ Սկսած V դ․ վերջից, պայմանավորված Հայ եկեղեցու դավան․ սկզբունքների պաշտպանության հրամայականով, գրվել և շրջանառության մեջ են դրվել դավանաբան-հակաճառ․ աշխատություններ, որտեղ քննարկվել են գերազանցապես քրիստոսաբան․ խնդիրներ։ Ա-դ․ գ-յան հակաճառ․ ժանրին պատկանող վաղագույն նմուշներից են Հովհաննես Ա Մանդակունու անվամբ հայտնի «Ապացոյց յերկուց բնութեանց ասել զփրկիչն եւ կամ մի բնութիւն», Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի» (թրգմ․ 480–484-ին) գրվածքները։ Վերջինիս բովանդակության և կառուցվածքի հետևողությամբ է կազմվել «Կնիք հավատո» ժողովածուն։

Դավան․ կարևոր ժողովածու է «Գիրք թղթոցը», որտեղ Հայ եկեղեցու հայրերի աստվածաբան-դավան․ բնույթի նամակներում արտահայտված են ազգ․ եկեղեցու դավան․ սկզբունքներն ընդդեմ նեստորականության և քաղկեդոնականության, արծարծված են հայ-լատին միութեն․ շարժմանը վերաբերող խնդիրներ՝ ընդդեմ պապականության, Քրիստոսի երկու բնությունների, ներգործությունների ու կամքի, Սուրբ Հոգու՝ Հորից և Որդուց բխելու (Filioque), քավարանի մասին արմ․ տեսությունների ևն։ VII–IX դդ․ քրիստոսաբան․ լուրջ վեճերի տեղիք է տվել Քրիստոսին պատկերելու կարելիության և անկարելիության խնդիրը։ Այդ առիթով ստեղծվել է հարուստ գրականություն։ Վրթանես Քերթողն իր « Ընդդէմ պատկերամարտաց» աշխատության մեջ, արձագանքելով այդ վեճերին և արտահայտելով Հայ եկեղեցու դիրքորոշումը (հակառակ պատկերամարտների, որոնք բացարձակեցնելով Քրիստոսի աստվածային բնությունը, անկարելի էին համարում նրա անտեսանելի բնության պատկերագրումը), հաստատել և հիմնավորել է Քրիստոսին պատկերելու կարելիությունն ու անհրաժեշտությունը, նրա՝ որպես Աստծո Բանի մարմնավորման, մարդացման հայտնութենական իրողությամբ։ Հայ-բյուզ․, հայ-ասոր․ դավան․ երկխոսության շրջանում են գրվել Ստեփանոս Սյունեցու «Վասն անապականութեան մարմնոյն, որք ասեն թէ՝ որ աճէ եւ նուազէ, ապականացու է», Հովհաննես Գ Օձնեցու «Ճառ ընդդէմ երեւութականաց», «Ճառ ընդդէմ պաւղիկեանց» երկերը։ Հայ աստվածաբան-դավանաբան․ մտածողության մի նոր մակարդակ է հայտանշում Խոսրովիկ Թարգմանչի մատենագրությունը։ Հինգ գլուխներից բաղկացած իր աշխատության մեջ («Առ այնոսիկ, որ ասեն բնութեամբ անձեւ, անսկիզբն ընկալեալ մարդկութիւն Աստուած Բան ի Կուսէն») հեղինակն աստվածաբան․ մանրակրկիտ քննության է ենթարկել քաղկեդոնականների, հուլիանոսականների, սևերիոսյանների ու երևութականների (տես Երևութականություն) քրիստոսաբանությունը, ինքնահատուկ փաստարկներով ժխտել նրանց տեսակետները։ Հայ եկեղեցու վարդապետ․ աստվածաբանության կարևոր աղբյուր է «Կանոնագիրք Հայոցը», որտեղ համատեղված են եկեղեցում որպես հավատի հեղինակություն ճանաչված տիեզերական ժողովների, տեղական ու ազգ-եկեղեց․ ժողովների (տես Եկեղեցական ժողովներ), ինչպես նաև Հայ և Ընդհանրական եկեղեցու ս․ հայրերի սահմանած կանոնները։ Դրանցից շատերն ունեն ոչ միայն ծիսական, եկեղեցաբան․, կենցաղային և բարոյական արժեք, այլև՝ աստվածաբան․ ու դավան․ հեղինակություն։ XI դ․ կեսին Հայաստանում քաղկեդոն․ եպիսկոպոսությունների և համայնքների սպառնական չափերի հասնող տարածումը դրանց հակահարված տալու անհրաժեշտություն է առաջացրել։ Օրվա պահանջով ստեղծվել և լայն կիրառություն են գտել հայ դավանաբան․ աստվածաբանության հաղպատ-սանահինյան դպրոցի երևելի ներկայացուցիչներ Անանիա Սանահնեցու, Հովհաննես Սարկավագի աշխատությունները։ Անանիա Սանահնեցու «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» երկասիրությունում շոշափվել են ոչ միայն քրիստոսաբան․, այլև ծիսական («Սակս անխտիր հաղորդելոյ», «Վասն մեռոնին», «Վասն բաղարջին», «Պատճառ երից սրբասացութեան»), եկեղեցավարչ․ («Վասն չորից աթոռոցն», «Վասն բաժանման վրաց»), տոմարական («Վասն տաւնի