որոնք հայտնության հիման վրա տալիս են Աստծո, Ս․ Երրորդության անձերի, որպես Լույս, Կյանք, Սեր ևն, որակումները, ինչպես նաև՝ Աստծուն վերագրում առարկաներ կամ հատկություններ, որոնք իրականում չկան («Աստծո մատը», «Աստված հանգստացավ» ևն)։ Ժխտական Ա-յան մեջ մտնում է խորհրդականը («կա և չի անվանվում»), որն Աստվածությունը բնորոշում է անսկիզբ, անվախճան, անպարագիծ, ոչ միտք, ոչ խոսք և այլ որակումներով։ Ա-յան չորրորդ եղանակն իր մեջ մեկտեղում է դրականն ու ժխտականը («չկա և չի անվանվում»)։ Առաջնորդվելով Դիոնիսիոս Արիոպագացու վարդապետությամբ՝ Գրիգոր Տաթևացին հաստատում է, որ աստվածաբանելու բարձրագույն եղանակը խորհրդականն է, որն անճառելի է ու անիմանալի, բացառում է ամեն տեսակ միտք, խոսք ու պատկեր, պաշտամունքն իրականացնում է կատարյալ լռության մեջ։
Ջատագով․ Ա-յան նպատակն է հիմնավորել քրիստ․ հավատի ճշմարտությունը և ուղղափառությունն ընդդեմ հերքումների, աղանդավոր․ և հերձվածող․ աղավաղումների, ինչպես նաև ընդդիմանալ մեկ այլ կրոնի։ Ա-յան նախն․ նկարագիրը եղել է ջատագով․, իսկ ջատագովությունն ունեցել է ժխտողական բնույթ՝ ուղղված լինելով այս կամ այն աղանդի դեմ («Ընդդէմ հրէից», «Ընդդէմ Մարկիոնի», «Ընդդէմ Կելսոսի», «Եղծ աղանդոց» ևն)։ Ներկայումս ջատագով․ Ա․ հետևում է դրական մեթոդաբանությանը և կրել է բովանդակային փոփոխություններ։ Ջատագով․ Ա․ կենտրոնացել է այնպիսի հիմնահարցերի շուրջ, ինչպիսիք են մարդկային ճանաչողության արժեքը, մարդու դերը արտաքին իրականության, հավատի ընկալման և մեկնաբանման մեջ, ժամանակակից գիտ․ առաջադիմությունից եկած առարկությունները ևն։ Ա-յան այս բնագավառը այլևս չի զբաղվում լոկ ջատագովելով, այլ որպես իր առանցքային նպատակադրումներից է ընկալում ջատագովելու հետ միասին նաև հավատի նկատմամբ մարդու դիրքը իմացաբանորեն և մեկնողաբանորեն հիմնավորելու պահանջը։
Պատմական Ա․ ուսումնասիրում է քրիստ․ հավատի ծագման, տարածման, մարդկանց և հասարակությունների կյանքում գործնական դրսևորման հարցեր, եկեղեցու ծագումը, զարգացումը և ժամանակակից վիճակը, դավան․ բանաձևումների ձևավորման, պաշտամունքի, ծեսի, արարողությունների ծագման և զարգացման ընթացքը, Աստվածաշնչի գրքերի կազմության, կանոնի, խմբագրության, բնագրային մեկնության և հարակից այլ հարցեր։ Պատմ․ Ա․ ստորաբաժանվում է հետևյալ մասերի․ Հին և Նոր կտակարանների ներածություն, դավանանքների պատմություն, եկեղեցու պատմություն, ծիսագիտություն, կանոնագիտություն, հայրաբանություն։
Գործնական Ա․ բովանդակում է այն մեթոդներն ու միջոցները, որոնցով տեսականորեն ըմբռնված և պատմականորեն լուսաբանված քրիստ․ հավատը կարող է փոխանցվել ժողովրդին և գործնականորեն կյանքի կոչել Քրիստոսի քարոզած ճշմարտությունները, քահանայագործության կատարման եղանակները։ Տեսական ճշմարտությունն ու պատմ․ երևույթն ընթացք են և միջոց քրիստ․ հավատը գործնականորեն արտահայտելու, գիտակց․ մտքով, պատասխանատվության զգացումով և անձն․ վկայությամբ ապրելու համար։ Գործն․ Ա-յան ստորաբաժանումներն են հովվական Ա․, բարոյագիտությունը կամ բարոյական Ա․, քարոզխոսությունը։
Գրկ․ Գրիգոր Տաթեվացի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729։ Տեր-Միքելյան Ա․, Աստվածաբանական գիտութիւնները, «Արարատ», 1893, No 6–8։ Թոփճյան Հ․, Ի՞նչ է արդի աստուածաբանութիւնը, «Լոյս», 1905։ Օրմանյան Մ․, Հայոց եկեղեցին․․․, Ե․, 1993։ Գարեգին Ա, Համառոտ ձեռնարկ հովուական աստուածաբանութեան, 3 հրտ․, Էջմիածին, 1996։ Մեսրոպ Գ․, Հովուական աստուածաբանութիւն Հայաստանեայց Ս․ եկեղեցւոյ, Անթիլիաս, 1979։
ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԵՐ, Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցական տոներ, որոնցից մեկը՝ Վերափոխումն ս․ Աստվածածնի, Հայ եկեղեցու Տաղավար տոներից է։ Մյուս տոներն են․ Հղություն ս․ Աստվածածնի (Յղութիւն ս․ Աստուածածնի յԱննայէ), Ծնունդ ս․ Աստվածածնի, Ընծայումն ս․ Աստվածածնի (Երից ամաց Ընծայումն ի տաճարն), Ավետում, Գյուտ տուփի ս․ Աստվածածնի, Գյուտ գոտու ս․ Աստվածածնի։
Հղություն ս․ Աստվածածնի, Աստվածածնի մոր՝ Աննայի հղության հիշատակության տոնն է․ բոլոր Արլ․ եկեղեցիները նշում են դեկտ․ 9-ին, իսկ Կաթոլիկ եկեղեցին՝ դեկտ․ 8-ին։ 1854-ին Կաթոլիկ եկեղեցին ընդունել է Աստվածածնի անարատ հղության վարդապետությունը, ըստ որի՝ Աստվածամոր ծնունդը, ինչպես Հիսուսինը, զերծ է եղել