Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նախադրությունները (որոնք դարձյալ կապվում են Գևորգ Սկևռացու անվան հետ) իրականում թարգմանություններ են՝ կատարված թերևս իր՝ Գևորգ Սկևռացու ձեռքով։

Եթե տատիանյան, ամոնյան, եվսեբյան Ա․ հ-ները սահմանափակված էին չորս Ավետարաններով և ցույց էին տալիս միայն նրանց համաձայնությունը՝ բացառելով համեմատական քննության հնարավորությունը, ապա IV դ․ մատենագիր Եվթաղ Ալեքսանդրացու հորինած «Բովանդակութիւնք աստուածեղեն վկայութեանց» երկը նպատակ ուներ հաշվառել և ճըշտել Պողոս առաքյալի 14 թղթերի մեջ Հին կտակարանից բերված վկայությունները։ Երկը հայերեն է թարգմանվել V դ․։ Բաղկացած է 2 ցուցակից։ Ա ցուցակում արտացոլված է վկայությունների քանակն ըստ թղթերի, և որ աղբյուրներից են դրանք քաղվել։ Օր․, Հռոմայեցվոց թղթի համար ասվում է, թե վկայությունների ընդհանուր քանակը 48 է, որից հետո նշվում են Հին կտակարանից բերված վկայություններն ըստ Ս․ Գրքի կանոնի․ Արարածոց գրքից՝ 6, Ելից գրքից՝ 3, Ղևտացվոց գրքից 1 վկայություն ևն։ Բ ցուցակում մեկտեղված են Ա ցուցակում հիշատակված վկայությունների բնագրերը, որոնք արտացոլված են պողոսյան թղթերի լուսանցային մասերում՝ իրենց բնագրային հերթագայությամբ։ Ըստ այսմ, Հռոմայեցվոց թղթում առաջին վկայությունը Ամբակումից է, երկրորդը՝ Եսայուց, երրորդը՝ Սաղմոսից ևն։ Աղբյուրագիտ․ առավելությամբ հանդերձ եվթաղյան «Բովանդակութիւնք»-ը, սակայն, զուրկ էր բանասիր․ հեռանկարից, որովհետև այնտեղ բերված էր միայն վկայված բնագրի բովանդակությունը, ինչը հնարավորություն չէր տալիս այն գտնել իր տեղում։ Այս խնդիրը մասամբ լուծվեց XIII դ․, ֆրանսիացի դոմինիկյան գիտնական Հուգոնի (1200–1263) ջանքերով։ Վուլգատայի (Ս․ Գրքի լատ․ թարգմանությունը) մեջ սպրդած լեզվական սխալները վերացնելու նպատակով նա ծրագրել և կյանքի է կոչել բառարանային համաբարբառի գաղափարը, որը հիմնվում էր ոչ թե պարբերությունների կամ նախադասությունների, այլ բառերի հաշվառման և բաղդատման սկզբունքի վրա։ «Համաբարբառ Սուրբ Գրոց» խորագրով աշխատությունում նա մեծ գլուխները բաժանել է յոթ, իսկ կարճերը՝ ավելի քիչ թվով հատվածների։ Սա հնարավորություն էր տալիս վկայված բառը կամ նախադասությունը գտնել իր տեղում։ XV դ․ իսպանացի գիտնական Հովհաննես Սեգովացին, ի տարբերություն Հուգոնի, իր աշխատության մեջ ներմուծել է նաև լատ-ի բառամասնիկներ, որոնք հնարավորություն էին տալիս ճշտելու տվյալ բառի՝ տարբեր տեղերում ունեցած նրբիմաստները և դրա շնորհիվ լուծելու տվյալ պարագային աստվածաբան․ բնույթի խնդիրներ՝ կապված հույների և լատինների մեջ արծարծված Ս․ Հոգու բխման (Filioque) դավան․ հարցի հետ։ Ժամանակի ընթացքում հուգոնյան Ա․ հ․ ավելի է կատարելագործվել։ Եթե նրա կատարած գլխաբաժանումն անփոփոխ պահպանվել է մինչև այսօր, ապա ներքին հատվածումները վերածվել են առավել մանր բաժանումների՝ տնատումների։ Աստվածաշնչի այսօրվա տնատումները կապված են XV դ․ հրեա րաբունի Իսահակ Նաթանի անվան հետ։ Նա 1437–45-ին կազմել է եբր․ համաբարբառ՝ հիմնված Աստվածաշնչի եբր․ կանոնի՝ իր կատարած տնատումների վրա։ Սա հնարավորություն էր տալիս բառն անմիջապես գտնել համապատասխան տեղում։ Այդ գլխաբաժանումներն ու տնատումները ժամանակի ընթացքում տարածվեցին և սովորական դարձան Աստվածաշնչի՝ բոլոր լեզուներով իրականացված հրատարակությունների համար։ Հուգոնյան գլխաբաժանումները XIII դ․ վերջից սկսած մուտք են գործել նաև Աստվածաշնչի հայերեն ձեռագրերի մեջ՝ «Ֆրանկաց գլուխներ» անվան տակ։ Այս նշումները կրող հնագույն գրչագրերը Մատենադարանի № 179 (1292), № 180 (1295) ձեռագրերն են, որոնցից 2-րդը ընդօրինակվել է Կիլիկիայի Հայոց Հեթում Բ արքայի պատվերով։

Հայերեն Աստվածաշնչի կարգավորման մյուս փորձը կապված է XVII դ․ հեղինակներ Ղազար Բաբերդացու և Ոսկան Երևանցու անվան հետ։ Մատենադարանի № 351 ձեռագիրը (1619) Ղազար Բաբերդացու կարգավորած Աստվածաշունչն է, որտեղ գլխաբաժանումը թե՛ ըստ հայկականի է և թե՛ ըստ լատ-ի։ Ի տարբերություն Հեթում Բ-ի, լուսանցքներում ավելացրել է նաև գլուխների հուգոնյան հատվածումներն ու նաթանյան տնատումները։ Ղազար Բաբերդացու հետևողությամբ Ոսկան Երևանցին Ամստերդամում 1666-ին հրատարակած Աստվածաշնչին կցել է «Ցանկ վկայութեանց»-ը, որտեղ նշված է, թե Հին կտակարանի յուրաքանչյուր գրքից քանի մեջբերում կամ հիշատակություն կա Նոր կտակարանում։ Այս