Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 (Մատթ․ 24․35)։ Աստվածաշնչականությունն օժտված է արտաքին և ներքին հավաստի նշաններով։ Արտաքին նշանը Աստծո և եկեղեցու նկատմամբ տածած այն հավատն է, որը մարդը, ըստ Ներսես Շնորհալու, «Սուրբ Գրքում գրված խոսքերը, որոնք Սուրբ Հոգին խոսեց մարգարեների, առաքյալների և եկեղեցու վարդապետների բերանով, սուտ և առասպել չի համարում, այլ հավատում է, որ ճշմարիտ և ուղիղ են, որպես թե իր աչքերով է տեսնում այն բոլորը, ինչ եղել է, պիտի լինի, և որ է» («Թուղթ ընդհանրական» , 1991, էջ 34)։ Այս է վկայում նաև Հավատո հանգանակի՝ Սուրբ Հոգուն վերաբերող բանաձևումը։ Աստվածաշնչականության ներքին ապացույցներն ի հայտ են գալիս գրքի վեհասքանչ ու պարզ ոճի, բովանդակության, հեթանոս․ բարքերի հետ ընդհանրության եզր և նախադեպ չունեցող բարոյականության, պատմ․ փաստերի հավաստիության, իմաստության, բուժելու, մխիթարելու, սիրով տոգորելու զորության և առինքնող ճշմարտության մեջ։

Այս առումով առանձնակի տպավորիչ են սուրբգրային մարգարեությունները։ Աստված ինքն է բացահայտում մարգարեությունների շնորհման նպատակը․ «Քեզ պատմվեց մինչև այժմ կատարվածը, դեռ չեղած՝ դրանց մասին լուր տվի քեզ, որպեսզի երբեք չասես, թե՝ «դրանք իմ կուռքերը կատարեցին» (Եսայի 48․5, տես նաև 46․9–10, Թվեր 23․19)։ Հիսուս Քրիստոսի առաջին գալստյան, Իսրայելի պատժի, հեթանոսների դարձի, եկեղեցու հիմնադրման, Պաղեստինում Իսրայելի վերջնական հաստատման, վերջին ժամանակների բարքերի անկման, գիտատեխնիկական առաջընթացի մասին մարգարեությունները Հովհան Ոսկեբերանի բնորոշմամբ «համոզում են հրաշքից ոչ պակաս» ։ Այս, ինչպես նաև անտեսանելի աշխարհն ու մարդու սրտի առեղծվածային խորքերը մտահայելու, մարդկային ամենանվիրական զգացմունքներին և հարցադրումներին (որտեղի՞ց ենք, ո՞ւր ենք գնում, որտեղի՞ց են մահը, այս աշխարհի չարն ու տառապանքը, ո՞րն է կյանքի իմաստը ևն) արձագանքելու շնորհիվ Սուրբ Գիրքը եղել և մնում է աշխարհի ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գիրքը։

Կանոնը սահմանում է գրքերի հեղինակության զանազան աստիճանները, կազմում նրանց ցանկը և մերժում հինկտակարանային և նորկտակարանային ժամանակներում ի հայտ եկած, ձևով սուրբգրային գրքեր հիշեցնող, կեղծ գրվածքները։ Վաղ քրիստոնեությունում կանոնական, այսինքն աստվածաշունչ են ճանաչվել այն գրքերը, որոնք, ըստ Աթանաս Ալեքսանդրացու, «ծառայում են որպես փրկության աղբյուր, որոնց մեջ է միայն նախացուցված բարեպաշտության վարդապետությունը»։ Եկեղեցու կողմից վավերացված կանոնական գրքերը հետագայում կոչվել են նաև նախականոն․ այդպիսիք են Հին կտակարանի թվով 39 և Նոր կտակարանի բոլոր 27 գրքերը։ Հին կտակարանի 39 գրքերը համապատասխանում են եբրայական կանոնին, որի մեջ ընդգրկված գրքերը հրեաները միավորել են առանձին գրքերի մեջ՝ կամենալով համապատասխանեցնել իրենց այբուբենի 22 տառերի թվին։

Հին կտակարանի հունարեն Յոթանասնից թարգմանությամբ քրիստ․ Ա-ի մեջ մտած գրքերը կոչվել են ոչ կանոնական, հետագայում նաև երկրորդականոն։ Այս գրքերն աստվածաշունչ չեն, քանզի դրանց հեղինակները մարգարեներ չեն, և դրանք զերծ չեն առանձին սխալներից ու պատմ․ անճշտություններից։ Այդուհանդերձ եկեղեցու հայրերը կարևորել են այս գրվածքները՝ որպես խրատական և օգտակար հավատի շինության համար։ Մերժված գրքերը, որոնք ճանաչվել են կեղծ ու վնասակար և չեն ընդգըրկվել Ա-ի մեջ, կոչվում են պարականոն գրքեր։

Ընդհանրական եկեղեցին երեք տիեզերական ժողովներում, զբաղված լինելով հրատապ խնդիրներով, առիթ չի ունեցել սահմանելու Ս․ Գրքի կանոնը, ինչի պատճառով տարբեր եկեղեցիներ (աննշան տարբերություններով) ինքնուրույնաբար են մոտեցել այս (մասնավորապես երկրորդականոն գրքերի թվի և կանոնականության) հարցին։

Հայոց կանոնը սկզբում կրել է ասորականի (որը թարգմանվել է անմիջապես եբրայերենից և պարունակել 39 հինկտակարանային նախականոն գրքեր) ու հունական Յոթանասնիցի ազդեցությունը և դարերի ընթացքում փոփոխվել։ Հայ եկեղեցում առաջին պաշտոն․ կանոնը սահմանվել է Պարտավի եկեղեցական ժողովում (768)՝ Սիոն Ա Բավոնեցի կաթողիկոսի նախագահությամբ։ Սակայն մեզ է հասել այդ որոշման պատառիկը, ինչը թույլ չի տալիս ճշգրիտ պատկերացում կազմել միջնադարյան հայոց կանոնի մասին։ Ներկայիս հայոց կանոնը բաղկացած է 75 գրքից․ նախականոն գրքերի