Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեւի վրա։ Սաթխացիների կրակե պատնեշը սասանում է նրանց շարքերը։ Թշնամին, զոհեր տալով, նահանջում է։ Սպասելով հիմնական ուժերի տեղ հասնելուն, նրանք նախապատրաստվում են թարմ ուժերով գրոհելուն։

Ինչպես վերեւում ասվեց, այստեղ ձախ թեւում էր գտնվում Սաթխայի զորքի հիմնական մասը։ Այստեղ էին գլխավոր հրամանատարը եւ շտաբի պետը։ Հ. Խանոյանը ռազմաճակատի աջ թեւի հրամանատար Ս. Կոպալյանից (վերջինս նշանակումը ստացել էր մայիսի 17-ին) պահանջում է թողնել Դիլիֆը եւ ամրանալ Մ. Խանչալիում ռազմաճակատի գիծը 5-6 կմ կարճացնելու եւ ձախ թեւը նոր ուժերով համալրելու նպատակով։ Աջ թեւում թշնամին դեռեւս սիրտ չէր անում հարձակվել. նախորդ պարտությունները նրանց լավ դաս էին եղել։ Պաշտպանների ձախ թեւը համալրում ստանալով, երեկոյան ետ է մղում թշնամու երկրորդ ուժեղ գրոհը։ Անընդհատ տեղացող անձրեւը, ձյունը (Ջավախքի համար սովորական երեւույթ է գարնանը, երբեմն նույնիսկ ամռանը՝ ձյան տեղալը), անթափանց մութը, հայերի համառ դիմադրությունը ստիպում են թուրքերին գրոհը հետաձգել մինչեւ հաջորդ առավոտ։

Ազգային խորհուրդը որոշում է օգտվել մթությունից, ետ քաշել զորքը եւ նոր դիրքեր գրավել գյուղի մերձակայքում ռազմաճակատի գիծը կարճացնելու եւ ուժերը կենտրոնացնելու համար։ Թրջված, մրսած ու հոգնած զինվորները սկսում են գաղտնի տեղեշարժը։ Ձախ թեւը Օրլովկա գյուղի մոտից ետ քաշվելով մոտ 4 կմ, դիրքավորվում է ռուսական Ղարաղալա (Սպասովկա) գյուղի մոտ, «Ղարաղալու յամջներ» կոչվող վայրում, գետի աջ ափի ժայռերի մեջ, «Սատկածներ», «Հոտաղդըմի» կոչվող հանդամասերում, որտեղ դեռեւս մեկ ամիս առաջ դիրքերը փորված ու պատրաստ էին։ Աջ թեւը, որը դեռեւս երեկոյան ետ էր քաշվել Դիլիֆից, ետ քաշվեց նաեւ Մ. Խանչալիից 7-8 կմ դեպի Օրոջալար եւ ամրացավ գյուղի հարավային կողմի հանդամասերում Շոռաղում եւ դավալիում։ Այսպիսով, ռազմաճակատի գիծը, անցնելով Սաթխայի հարավ-արեւմտյան եզրով, 5-6 կմ երկարությամբ ձգվում էր Սպասովկայից մինչեւ Օրոջալար։

Զորքի դիրքավորումից հետո հրամանատարությունը թույլ տվեց զինվորներին հերթով ջոկերով, դասակներով գնալ գյուղ չորացնելու ու փոխելու շորերը։ Այս ամենը կատարվում էր մեծ զգուշությամբ ու բարձր կարգապահությամբ։

Թուրքերի վիճակը բոլորովին ուրիշ էր։ Նրանք, չափազանց մեծ գերակշռություն