գլխավորությամբ հրետանավորները Սաթխայի բերդի ավերակներից կրակ են տեղում Ղարաղալայի (Սպասովկա) սարահարթով դեպի Սաթխացիների դիրքերը սողացող թշնամու վրա։ Արկերը ճշգրտորեն հասնում են իրենց նպատակակետին։ Անասուններն սկսում են այս ու այն կողմ փախչել ու ցրվել։ Թուրք զինվորներն իրենց հերթին կրում են զգալի կորուստներ։ Գրոհող թշնամու զինվորները հնձվում են նաեւ պաշտպանների հրացանային համերաշխ համազարկերից։ Մի քանի ժամ անընդհատ ռազմաճակատի ձախ թեւում տեղի էին ունենում թեժ մարտեր։ Սաթխացիների անձնազոհ գործողությունները, նրանց գրաված հարմար դիրքերը հորդացած գետի աջ ափին, ինչպես եւ դիպուկ հարվածող միակ հրանոթը, խիստ դժվարացնում էին թուրքերի բազմաքանակ զորքերի առաջխաղացումը։ Հ. Խանոյանի հրամանով Ս. Կոպալյանը, աջ թեւում թողնելով միայն աշխարհազորայիններին, որոնք հերոսաբար շարունակում էին թշնամուն կասեցնել նրա դիրքերում, իր վաշտով օգնության է հասնում ձախ թեւի քաջարի պաշտպաններին։
Կեսօրին թշնամին, զգալով Սաթխայի ուժերի խիստ պակասը, որոշում է շրջանցել պաշտպանների ձախ թեւը եւ անցնել նրանց թիկունքը։ Որոտում է թշնամու հրետանին, որի պաշտպանության ներքո թուրք զինվորների մի վաշտ վազքով անցնում է Սպասովկայի հարավային մասում գտնվող կամրջով, որը սաթխայի պաշտպանները, գուցե անհեռատեսորեն, չէին պայթեցրել, եւ Դարաղալա ամրոցի հարավ-արեւելյան կողմից առաջանում դեպի պաշտպանների թիկունքը։ Վերջիններս ստիպված ձգում են պաշտպանական գիծը ռազմաճակատի նոսրացման գնով։ Սաթխայի հրանոթը լռել էր արդեն արկերը սպառվելու պատճառով։ Զգացվում էր նաեւ փամփուշտի պակաս։ Թշնամին, արհամարհելով իր մեծաթիվ կորուստները, նետվում էր առաջ։
Ազգային խորհուրդը նախագահ Կարապետ Ծառուկյանի գլխավորությամբ, ստիպված համաձայնեց, որ ձախ թեւի ուժերը կանոնավոր նահանջեն, քանի որ նրանց գլխին կախված էր շրջապատման վտանգը։ Ազգային խորհուրդը որոշեց նաեւ գյուղի բնակչությանը կանանց, երեխաներին ու ծերերին, կազմակերպված կերպով գաղթեցնել Ծալկա, քանի դեռ թուրքերը չէին հասցրել մտնել գյուղ։
Ժամանակ շահելու համար անհրաժեշտ էր ամեն գնով կասեցնել թշնամուն։ Այդ մարտերում պաշտպանները ցույց էին տալիս անվեհերության ու անձնազոհության աներեւակայելի օրինակներ։ Զորքի նահանջն