ուրիշ վիրավորների։ Նրանց հետ էին նաեւ մայրն ու կինը կրծքի երեխան գրկին, որոնք նույնպես իջան ցած ու չհեռացան իրենց այրերի մոտից, չնայած Ստեփանի հրամանին հեռանալ ու միանալ գաղթողերին։ Նրանք թաքնվեցին գերեզմանաքարի ետեւում։
Չորս Կոպալյանները դիպուկ կրակով սկսում են հնձել թուրք զինվորներին, որոնք բլրից իջնելիս իսկական թիրախ էին դառնում։ Այդ անհավասար մարտը բավականին երկար է տեւում։ Սպանվում են տասնյակ ասկյարներ։ Զոհվում են նաեւ Եղիան, Մուշեղը, Խոսրովը։ Ստեփանը վիրավորվում է ձախ թեւից, բայց շարունակում է կրակել մինչեւ վերջին փամփուշտը, որից հետո դուրս է քաշում սուրը եւ մահացու խոցում իրեն մոտեցող մի քանի թուրք զինվորների, ինքն էլ ընկնում հերոսի մահով։ Ստեփանի ողբացող մորն ու կնոջը գերի են վերցնում, իսկ որդուն սպանում մոր գրկում։ Գերի վերցված ականատեսների վկայությամբ, բլրի լանջին ու գերեզմանատան եզրին ընկած էին Կոպալյանների կողմից սպանված շատ ասկյարներ։ Այսպիսով, Կոպալյաններն իրենց կյանքի գնով Սաթխայի զինված ուժերի կենտրոնին հնարավորություն տվեցին դուրս գալ եւ ազատվել շրջապատման վտանգից, նաեւ պաշտպանելով ժոդովրդին նահանջելու դեպի Արագյալ։ Մեր քաջարի պաշտպանները Մ. Արագյալի մերձակայքից ետ են մղում թշնամուն այնքան ժամանակ, մինչեւ կանայք, երեխաներն ու ծերերը Մեծ եւ փոքր Արագյալների միջեւ եղած նեղ կամրջով անցնում են գետի աջ ափ։ Վերջում անցնում են պաշտպանները եւ պայթեցնում կամուրջը։ Առանց կամրջի հորդացած ու կատաղած Թափարավան (Փարվանա) գետն անցնելը անկարելի էր։ Մերոնք Փ. Արագյալից մինչեւ Դումոն (Սաղամո) լիճը, ձորի պռնկին դիրքեր Են գրավում եւ կանխում թուրքերի գետն անցնելու հուսահատ փորձերը։ Թշնամին պարզելով, որ լճի մոտ կամուրջ կա, ուժերը տեղափոխում է այնտեղ։ Պաշտպաններն իրենց հերթին շարժվում են այն կողմը, սակայն չեն հասցնում քանդել կամուրջը։ Թուրքերին հաջողվում է անցնել գետը եւ մտնել ավերակ ու անմարդաբնակ Թումոն գյուղը։ Թուրքերը չկարողացան գյուղատեղից վերեւի սարահարթը բարձրանալ, որտեղ մերոնք էին, որովհետեւ եռանկյունի հիշեցնող «Վրա» կոչվող հարթությունը երկու կողմի եզրերից խիստ զառիթափ է եւ բնական ամրոցի է նմանվում։ Այստեղ մեր պաշտպաններին օգնության են հասնում գանձացիների զինված ջոկատները, որոնք դիրքավորվել էին «Սուրբ Հովհաննես»