1918թ. փետրվարի 12-ին, խախտելով 1917թ. դեկտեմբերի 5-ի Երզնկայի զինադադարը, անցավ հարձակման, Ախալքալաքի գավառի մյուս հայկական գյուղերում եւս ստեղծվեցին ինքնապաշտպանական ուժեր։ Այս պրոցեսն ավելի արագացավ, երբ տեղական (Ախալցխայի եւ Ախալքալաքի) թուրքերը թուրքական բանակների հարձակման հետ միաժամանակ սկսեցին հարձակվել Ախալքալաքի գավառի արեւելյան մասի վրացական գյուղերի վրա եւ ավերեցին ու թալանեցին, կոտորեցին բնակչությանը, բռնաբարեցին կանանց։ Այդ դեպքերը տեղի ունեցան փետրվարի 14-15-ին։ Ախալքալաքի հայկական գյուղերի բնակիչներն անտարբեր չէին կարող մնալ իրենց եղբայրների այդ ծանր վիճակի նկատմամբ։ 800 զինված հայեր, հակահարված տալով թուրքերին, նրանց ճիրաններից ազատեցին վրացիների ունեցվածքը եւ ամենագլխավորը գերված կանանց ու երեխաներին: Օգնության հասած հայերի շնորհիվ շրջապատումից ազատվեցին նաեւ Ախալքալաքի գավառի վրացական Սարո եւ Խիզաբավրա գյուղերը։ Փետրվարի 15-ին վերոհիշյալ վրացական գյուղերից 300 գյուղացիներ Ախալքալաք գալով, երախտիք ու շնորհակալություն էին հայտնում հայ եղբայրներին իրենց փրկության համար։ Նրանք դիմելով Ախալքալաքի հայոց ազգային խորհրդին, խնդրում են այնուհետեւ եւս իր պաշտպանության տակ վերցնել վրացական գյուղերը կամ թույլ տալ բնակչությանը վերաբնակվելու հայերի գյուղերում...
Միջազգային դրությունը հայերի եւ վրացիների համար անբարենպաստ էր։ Մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանն ստիպված ստորագրեց Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը։ Այդ պայմանագրի չորրորդ հոդվածի համաձայն ռուսական զորքերը դուրս պետք է գային Արդահանի, Կարսի եւ Բաթումի օկրուգներից (այդ բանն արդեն տեղի էր ունեցել փաստորեն հունվարին)։
Անդրկովկասյան սեյմը հրաժարվելով Բրեստի պայմանագիրը ճանաչելուց, մարտի 1 (14)–ին Տրապիզոնում Թուրքիայի հետ սկսեց անջատ բանակցություններ «պատվավոր» հաշտություն կնքելու համար։ Սակայն սեյմի պատվիրակությունը (Ս. Չխենկելի, Հ. Քաջազնունի, Ալ. Խատիսյան, Լեո), բնականաբար, ձեռնունայն վերադարձավ։
Թուրքիան, ունենալով ռազմական եւ դիվանագիտական առավելություններ հայերի եւ վրացիների նկատմամբ, շարունակում էր առաջ շարժվել դեպի Անդրկովկասի խորքերը։ Ինչպես գիտենք, օսմանյան թուրքերը մեծ աջակցություն էին ստանում այդ ընթացքում Անդրկովկասի