դիմում ինքնապաշտպանության։ Սուլդայում ստեղծված ինքնապաշտպանական խումբը Եղիազար Աբգարյանի (Սաթխա գյուղի Բրոյաններից է) գլխավորությամբ օգնության հասավ Կարծախին եւ միաժամանակ պաշտպանվում էր թուրքական Խավեթ, Դավնիա, Էրինջա, Ծղարիստան, Հոգամ գյուղերի հարձակումներից։ Այս գյուղերի զինյալ ուժերը հարձակվում են նաեւ Վաչիան հայկական գյուղի վրա։ Գյուղում Աշոտ Տեր-Սիմոնյանի գլխավորությամբ ստեղծվեց 300 հոգուց բաղկացած ջոկատ։ Ինչպես պատմում է ականատես Լեւոն Զաքարյանը, զինյալների առաջին մարտին տարավ Շողան անունով Սաթխա գյուղացի մի երիտասարդ կին եղանը ձեռքին։
Գավառի այս հարավ-արեւմտյան հատվածում փոխադարձ հաջողություններով էին շարունակվում ռազմական գործողությունները։
Զատկի տոնակատարության օրերին Կուր գետի ձախ ափի (Ախալցխայի գավառի) թուրքերը մեծ ուժով հարձակվելով վրացական Զեդա-Թմոգվի (գտնվում է Վարձիա նշանավոր պատմական հուշարձանի մոտ) եւ Ագարա գյուղերի վրա ստիպեցին նրանց տեղահան լինել եւ շարժվել դեպի Քուռ գետը, անցնելու աջ ափը, սակայն նրանց ճանապարհը փակել էին Քուռ գետի աջ ափին գտնվող Մարգաստան եւ Նաքալաքեւ գյուղերի քրդերը, եւ սպասվում էր վրացիների լրիվ ոչնչացում։
Ահա այդ դժվարին պահին էր, որ վրաց եղբայրներին օգնության հասան հայկական Գյումբուրդա մեծ գյուղի պաշտպանները։ Այս գյուղի բնակիչները միշտ աչքի էին ընկել իրենց խիզախությամբ ու ասպետականությամբ, որոնք դեռեւս ձմռանը Զարմայր Խանոյանի գլխավորությամբ ստեղծել էին իրենց 300 հոգուց բաղկացած զինված խումբը եւ մեծ հաջողությամբ պաշտպանվում էին եւ պաշտպանում հարեւան վրացական փոքր գյուղերի (Քիլդա, Չուրչխել, Գոգաշեն, Ափնիա) բնակչությանը։ Մարտի կեսերին, ինչպես գրում է «Հորիզոնը» (1918թ. թիվ 66), երբ վրացական Գոգաշեն գյուղի մարդիկ Թիֆիլիսից զենք են բերում (35 հրացան եւ 5250 փամփուշտ) եւ անցնում թուրքական Տանկալ գյուղով տանկալցիները խլում են նրանց ձեռքից զենքը։ Կրակոցների ձայնը լսելով գյումբուրդացիները հասնում են դեպքի վայրը եւ զենքը վերադարձնում գոգաշենցիներին։
Այս անգամ էլ լսելով, որ զեդաթմոգվեցիների եւ ագարացիների վիճակն օրհասական է, նրանք գրոհեցին Նաքալաքեփ եւ Մարգաստանի մուսուլմանների վրա, տեղահան արեցին, քշեցին Քուռ գետի ձախ