Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՓՈԿԱ

Գյուղը գտնվում է Նինոծմինդայի (Բոգդանովկա) շրջանում, Փարվանա լճի ափին, Թբիլիսի տանող ավտոճանապարհին, շրջկենտրոնից 28 կմ հյուիս-արեւելք։ Փոկայի հայ բնակչությունը 1829–1830 թթ. համալրվել է Արդահանից, էրզրումից եւ Մուշից եկած հայերով։ Գյուղում պահպանվել են կիկլոպյան բերդի ավերակները։ Բերդի արեւելյան մասում պատից չորս մետր հեռավորության վրա, կանգնած է խաչքար։ Այն եղել է վիշապաքար (տես Բանբեր Երեւանի համալսարանի 1989 թ. թիվ 2), որը վերաքանդակվել է խաչքարի։ Կիկլոպյան ամրոցի եւ վիշապաքարի առկայությունը վկայություն են այն բանի, որ Փոկան, ինչպես Գանձան, Սաթխան եւ Սուլդան, որպես բնակավայր գոյություն ունի անհիշելի ժամանակներից։

Փոկա գյուղի խաչի վերածված «վիշապը»
(նկ․՝ Ս․ Կարապետյան)

Փոկայի մասին տեղեկություններ կան 4-րդ դարից։ Այն որպես կայարան է նշված Պեւտինգերյան քարտեզում Արտաշատ-Սեբաստոպոլիս ճանապարհին Pagas (Պագաս) ձեւով։ Նախ Տոմաշեկը, ապա Հ. Մանանդյանը այն նույնացնում են ժամանակակից Փոկա գյուղի հետ։ 4-րդ դարի սկզբներին, ինչպես վկայում են վրաց աղբյուրները, փարվանայի ավազան է գալիս Ս. Նունեն (Նինոն)։ Այստեղ (ճիշտ է, գյուղը չի նշված, բայց ամենայն հավանականությամբ այն Փոկան է) նա հանդիպում է տեղացի ձկնորսների եւ Մցխեթայից եւ մերձակայքից այստեղ ոչխարները ամառային արոտավայրեր բերած հովիվների։ Նրանք խոսում են հայերեն։ Հայաստանից եկած կապատովկիացի այդ աղջկան կերակրում են եւ ցույց տալիս Մցխեթայի ճանապարհը, ուր նա գնալու էր քարոզչության։