Գ.
ՊԱՏԱՐԱԳԸ
Առաջին կիրակին էր, որ պիտի անցկացնեինք Ադանայի մեջ. հազիվ թե լուսացած` արկածյալներու բազմությունը խռնված էր եկեղեցիին բակին մեջ. գլխիկոր և հուսաբեկ, ձեոքերնին ծալած կուրծքերնին վրա` այրիներու շարքը, դանդաղորեն ու երկչոտ քայլերով կդիմեր դեպի եկեղեցի, որովհետև Պատրիարքական պատվիրակ Գնել Ծ. Վարդապետ խոստացել էր պատարագ կատարել մեռելներու հոգեհանգստին ու սգավորներու մխիթարությանը համար: Մեծ հուզում մը կսավառներ դժբախտ ժողովուրդին վրա, որովհետև ընդարմացած ցավն առաջին օրերու ուժգնությամբ արթնացեր էր իրենց սրտերուն մեջ և ամեն մեկ գլուխ քանի մը մեռել ուներ լալիք:
Խարխափող գավազաններու աղմուկը կտնտնար բակին քարերուն վրա և կնշանակեր նաև պառավ կույրերը, որոնք ճակատնին երկնքին դարձուցած, ականջնին սրած ամենափոքրիկ շշուկին` կերթային դեպի խոստացված մխիթարությունը:
Ավերված ու քանդված քաղաքին մեջ միայն կանգուն մնացած Հայոց առաջնորդական եկեղեցիին բարձր աշտարակը կարծես կնայեր իր շուրջի ավերակներուն. ու զանգակը համրացած` կկախվեր հոն անդամալույծ լեզվի մը պես, որովհետև աղետի օրեն ի վեր անոր տխրագին կամ ցնծուն ղողանջները լռեցուցեր էին սուգի համար:
Երբ մենք մտանք եկեղեցի, պատարագը սկսած էր արդեն: Խուռն բազմություն մը, գրեթե բոլորովին կազմված այրիներե և որբուհիներե, կլցներ տաճարը, գավիթներն ու վերնատունը: Ճերմակ քողերու և լաչակներու ներքև ծածկված այդ սգավոր գլուխներու անվերջ տողանցումը փոթորկալի վետվետում մըն ուներ: Ցնցոտիներով ծածկված, խղճալի ու թշվառ կանացի ամբոխին մեջ` այրերը ցանցառ բացառություն կկազմեին, մեծ մասով անդամահատ ու խեղանդամ, այս վերջինները սեղմված էին դասին ետևը, իրենց ամեն մեկ շարժումին