և գերմարդկային տառապանքներու այդ խառնարանեն՝ իրենցմե շատերուն հոգիները զտված և մաքրված դուրս եկած էին ոսկիի պես:
Օր մը դիպվածավ բանտ գացած ըլլալով՝ մեր սովորական այցելաթյունն ընելու, իմացանք, որ դատապարտված հայեր պիտի մեկնին Փայաս: Ամեն ջանք ըրինք զիրենք տեսնելու և հարկ եղած օգնություններն ընելու:
Կացությունը ճնշիչ էր, կարելի չէր երևակայել ավելի սարսափելի պատկեր մը: Բանտին երկաթյա ցանկապատին ետևեն հարյուրավոր ոճրագործներու գլուխներ կերևային և անհամար աչքեր, արյունի մեջ խեղդված բիբեր կբոցավառեին ու հետաքրքրությամբ մեզի կնայեին: Վերջապես, այդ քստմնելի ամբոխին մեջեն ճանչցանք մերինները,- դատապարտվածները, և անոնք պետք չունեցան ինքզինքնին անվանելու. մեր աչքերը ճանչցան զիրար: Այդ դատապարտվածներու շարքեն էին Կաղոզի Միհրան, քաջ որսորդ, որուն համար կըսեին, թե հինգ հարյուր հոգիի կյանք փրկած է Նազար Ինճյան, որ մեզի հանձնարարեց իր երկու տղաքը, որոնք հիվանդանոցը կգտնվեին, և ուրիշներ:
Այդ մարդիկը, որոնց մեկ մասը բոլորովին անմեղ էր և մյուս մասն ինքնապաշտպանության բնազդեն մղված՝ հարյուրավոր կյանքեր ազատած էին, ավելի բախտավոր պարագաներու մեջ իբրև հերոսներ պիտի ներկայանային: Իրենք կսպասեին թերևս, որ ճառագայթող ճշմարտության դեմ բոլոր քսությունները, բոլոր զրպարտություններն անզոր պիտի ըլլային ու իրենց քաջ քաղաքացիի արարքները պիտի վարձատրեին:
Այլ սակայն, դատապարտված և շղթայակապ կպատրաստվեին երթալ Փայաս, այս թուրքերուն հետ, որոնց հետ դեմ առ դեմ գտնվեցան կռվի օրերուն: Իրենց վաստակաբեկ ու վշտով ազնվականացած դեմքին վրա ոչ դառնություն կար, ոչ հուսաբեկություն, ոչ ջլատում:
Իրենց պարզ հոգեբանությունը չէր տանջվեր բնավ, ու հավատք ալ ունեին, թե մեկ օրեն մյուսը պիտի ճշտվեր իրենց դերին մեծությունը և այն մարդիկը, որ շղթա կանցնեին իրենց ոտքերուն, օր մը թերևս