Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկար ատեն մեզի կարելի չեղավ նաև մերձենալ իրենց մոտ գտնվող հայ բանտարկյալներուն:

Այդ միջոցին արդեն մեր բանտարկյալներուն մեծ մասը մեկնած էր այլ և այլ աքսորավայրեր, և մեկ քանին տեղափոխված մյուս հայ բանտարկյալներու շենքին մեջ:

Որքան ալ հարևանցի ըլլային մեր հարաբերությունները, այդ առիթով տեղեկացանք, թե թուրք բանտարկյալները ջլատված վիճակի մեջ էին. հանցավորները սարսափած, և անմեղները գրգռված էին: Ընդհանրապես ամենքն ալ չարաչար կցավեին պատահածներուն վրա և սրտերնին այրած, կգոչեին.

-Վա՜խ, վա՜խ… սխալեցա՜նք:

Օր մը մեծ հուզում կտիրեր շրջանակներու մեջ. նույնիսկ թույլ չտվին մոտիկանալ բանտարկյալներու շենքերուն: Թուրք կիներ խեռ աչքով և այրեր զայրույթով կնայեին մեզի: Տուն վերադարձին միայն իմացանք, որ լուր կա, թե երկու ոճրագործ կիներ պիտի կախվին. քիչ առաջ մունետիկ մը ազդարարած էր, որ բոլոր այրերը քաշվին իրենց բնակարանները: Այդ կիները հրեշային ոճրագործներ էին, բայց մենք տանջված մեր ներքին զգացումներուն մեջ՝ գացինք տեսնելու, նշանակված հրապարակին վրա կախաղանները չկային. երկու ժամու չափ քաղաքը զանազն զգացումներով անձկալի՝ սպասեց. գրգռությունը մեծ էր թուրք թաղերու մեջ: Վերջապես կերևի, թե հաջողեցան հետաձգելու կամ պատիժը թեթևցնելու: Երբ մենք ալ վերահասու եղանք, թե այդ մղձավանջային պատիժը չպիտի կատարվեր, կարծես թե այդ մեծ ճնշումե մը ազատեցանք, և ամոքված զգացինք ինքզինքնիս. իրարու չէինք խոստովաներ հոգեկան թուլությունը, բայց հայտնի էր, որ գոհ էինք:

Նույն օրը թուրք բարձրաստիճան պաշտոնյա մը մեզի կըսեր՝ մեր հիվանդագին հետաքրքրութենեն կռահելով մեր բուն զգացումը.

- Ձեր դյուրազգացությունը զարմանալի է, այդ կիները մարդկային սեռին անարժան հրեշներ են. ինչպես թունավոր օձերու՝ պետք է իրենց վտանգավոր գլուխները ջախջախել:

Այդ կիներեն մեկն էր Քերիմ աղային քույրը, Սինեմ, որ Գայրլը գյուղին մեջ երկու սայլակ վիրավոր, անկար մարդիկ ու տղաքներ