Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ոչ մեկն իրենցմե չունեցավ ամենադույզն տկարություն մը. իրենց ըմբոստությանն այդ լուրին հանդեպ անանձնական բան մը ուներ, զուտ սկզբունքի խնդիր էր: Երբեմն մեկը կամ մյուսը կհուզվեր և ձայնը դողդոջուն կդառնար: Այդ պահերուն կխոսեին իրենց մորը, կնոջը կամ տղաքներուն վրա:

Երբեմն ալ մեզմե յուրաքանչյուրը տարված ըլլալով հատուկ մտածումներե, ծանր լռություն մը կտիրեր մեր մեջ. գլուխնիս խոնարհած, աչքերնիս գետնին հառած, կզգուշանայինք իրարու նայելու. որովհետև կկարծեինք, թե շատ տեսանելի, գրեթե շոշափելի կերպով պիտի տեսնեինք մղձավանջային պատկերը կախաղանային, մեր մեջ կանգնած էր չարաշուք խոյանքով:

Թեև բանտարկյալները թվով շատ էին և միայն հինգ հոգի կար մահվան դատապարտված, բայց յուրաքանչյուրը և յուրաքանչյուրին ընտանիքն ինքզինքնին կկարծեին գտնել այդ հինգին մեջ: Ասկե զատ բոլոր արկածյալներուն վերքերը կրկին բացված էին կարծես: Ընդհանուր վհատությունը և դառնությունն այնքան խորունկ էր, որ երբ կփորձեինք համբերություն և հույս ներշնչել իրենց՝ մեզի դեմ իսկ կթշնամանային…:

Օրվան մեջ քանի մը անգամ տրամադրությունները կփոխվեին, առավոտուն հուսահատությունը մեծ կըլլար, այդ ժամուն է, որ ընդհանրապես դահիճները կգործեն: Արևը ծագելեն առաջ, կիներ ու տղաքներ արցունքներու մեջ խեղդված, խելակորույս և թափառական, կերթային քաղաքին մեկ կետեն մյուսը: Հանկարծ չես գիտեր, ինչպես լուր կծագեր, թե այսինչ կամ այնինչ կետին վրա կախաղաններ կան: Իրենց մոլորուն երևակայությանը մեջ կտեսնեի՞ն արդյոք իրավամբ չարագուշակ մահվան գործիքը, չեմ գիտեր: Քանի՞ անգամներ ընդոստ արթնցած ենք մեր քունեն, և, քանի՞ անգամներ դատապարտվածներեն ավելի տժգույն, մեր կարգին խելակորույս, դիմած ենք դողահար, նշանակված կետին: Ոչինչ, ինչպե՞ս կրնային խաբված ըլլալ, ոմանք կպնդեին տեսած ըլլալնին, զարմանալի չէ. ադ օրերուն ամենքն ալ խենթի պես էին, ու իրենց մղձավանջները կշփոթեին իրականության հետ:

Հետո կդրդեին մեզ երթալ բողոքելու, խնդրելու, պաղատելու ի