հովին քմահաճույքեն տարված, աչքերս կսևեռեմ էջի մը վրա ու արցունքի ամպի մը մեջեն կկարդամ.
«-Աստվա՜ծ, ողորմեա՜ մեզ և օրհնեա զմեզ, երևեցո զերեսս քո ի մեզ և ողորմեա՜ զմեզ»:
Սաղմոսի մը մեկ էջն արյունով ու արցունքով խոնավ գետնին վրա՝ զիս կվերացնե շփոթ զգացումներով և պահ մը ինծի կթվի՝ որ բոլոր ավերակներեն գերագույն հուսահատության կոչը համառորեն տակավին կբարձրնա դեպի այն անողորմ Աստվածը, որուն երեսը չէ երևցած այն սարսափելի ժամերուն մեջ:
Գիշերը' ստիպված Միսիս անցնելու, կտեղավորվինք խանին թերասին վրա հաստատված անկողիններուն մեջ. երկար ժամեր Րամազանի պատճառավ մտիկ կընենք թուրք ժողովուրդին ժխորը, աղմուկը, երթ ու դարձը, այլապես արդեն անկարելի է քնանալ. երևակայություննիս տանջված, կզգուշանանք իրարու հետ խոսիլ, միայն երբեմն մեզմե մեկուն արձակած սրտագին հառաչանքը կհայտնե,թե նույն նյութերուն շուրջը կթափառի մեր մտածումը:
Օ՜հ, սարսափելի գիշերը… անիկա միշտ քանդակված պիտի մնա մեր հիշողության մեջ և այլևս ոչ մեկ ուրախություն, հարափոփոխ կյանքի երևան բերած ոչ մեկ երջանկություն կարող պիտի ըլլա ջն ջել այդ գիշերվան սուգը մեր էության մեջեն: Երկինքը, կանաչորակ եղած աստղերու լույսեն կկամարանար մեր վերև, դիմացի լեռները՝ հանդիսավոր և տխուր, կհսկեին կարծես ավերակներուն վրա, երբ վերջապես թուրք ժողովուրդի ժխորը դադրեցավ ու լույսերը մարեցան մեր շուրջը, զարհուրելի մղձավանջներ կանգնեցան մեր սնարներուն մոտ ու մեզի պատմեցին դեռ չլսված ու հազիվ նշմարված արհավիրքները սարսափելի օրերուն:
Ինծի անկարելի է որոշակի արտահայտել բոլոր դժոխային տառապանքն այդ ժամերուն. արագ, պատկերներ ու դեպքեր կանցնեին հիշողությանս մեջեն ու կարելի չէր կենալ որոշ կետի մը վրա. դարձդարձիկ ու խոլական պար մը սարսափելի տեսարաններու՝ գլխապտույտի մը մեջ կվերացներ մեզի. երբեմն մտածումս միայն կհամենար տարտամ ու մեռելական դեմքի մը՝ որուն վրա արյունոտած բերան մը սևցած շրթունքներով կերևար ինծի՝ անմիջապես գրեթե ուրիշ