Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրնար անցնիլ թշնամի բանակը: Այդ օրերուն բերդը վրդովված կյանքով մը լեցուն կըլլար. մինչ հաղթանակի հույսը ու պարտության մը ամոթը փոխնիփոխ բաբախել կուտային տիկիններուն սրտերը…

Այն ատե՜նը… այս սրահը, որուն միայն տատասկներով զարդարված հողին վրա մողեսներն ազատորեն կանցնին և ուր գիշատիչ թռչունները բույն են դրած, այս սրահը ժամադրավայրը կըլլար գերագույն խորհրդակցությանց, ուր մեկ ժամեն մյուսը մեր ցեղին արդեն վճռված ճակատագրին լրանալուն կսպասեին….

Այն ատենն ի՜նչ մթին նախագուշակությունով տանջված են մտքերն անոնց, որոնք իշխանության բեռն ունեին իրենց ուսերուն վրա, որ գրեթե հաջորդաբար իբրև սարսափելի աղետե մը մեր թագավորներն ուզած են փախչիլ ու ապաստանիլ վանքի մը լռության ու ապահովության մեջ… ի՜նչ մղձավանջ իրենց անարյունցած ուղեղները կպաշարեր, ի՜նչ սև տեսիլք կհալածեր զիրենք. ու ի՜նչ արհավիրքով կնայեին ապագային, ու ոչ մեկ ուրախություն, ոչ մեկ իշխանավայել խրախճանք իր փողերը չէր հնչեցներ Կիլիկիո չորս կողմերուն վրա:

Ընդարձակ մարգագետիններուն վրա. որոնք կտարածվին լեռան շուրջը, ամպերու ներքև մարած արևը մեղմ ու նրբին երանգներ կմաղե: Հեռավոր լեռնագոտին անհավատալի թափանցիկություն մը կստանա. վարը, Սիս կորսված է` հովտին մեջ. մենք ամպերու մեջն ենք գրեթե. կամարակապ սրահին դիմացի բացվածքեն կտեսնենք, որ թռչուններն արագորեն կսուրան ու կհեռանան, մինչ աչքերս հառած կիսովին արված արձանագրության մը` կջանամ վանկերը կապել, մեզի կիմացնեն, թե պետք է շտապել, որովհետև փոթորիկը մոտալուտ է: Մեր ետևեն կայծակներ լռին կճեղքեն արդեն ամպերը իրենց լուսեղեն հարվածով:

Շուտով կայցելենք նաև ուրիշ սրահներ, ջրամբարը, բանտը, ու կսկսինք իջնալ լեռն ի վար: Ճամփուն վրա կերկարին դեռ պարիսպները, ու երկար ատեն անոնց մոտեն կշարունակենք ճամփան:

Հանկարծ ամբողջ երկինքը կդղրդի, սև ու կուտակված ամպերը կշարժին, ու կայծակը, առանց դադրելու, կփայլատակե:

Բնության այս վրդովմունքին մեջ է, որ կուրացած փայլակեն ու խլացած` որոտումի աղմուկեն, կհասնինք վանքը` հոգինիս բեռնավոված