Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դերը: Զինքը բանտարկել են ու հրացանն առնել ուզեր, բայց ինքն առանձին ըմբոստացեր է թշնամիներու դեմ. «Այս զենքը տյովլեթը հանձնած է ինծի, տյովլեթը միայն ետ կրնա առնիլ»: Հետո լսելով և տեսնելով բոլոր այն պատրաստությունները, որ կընեին կյավուրներու դեմ, սիրտն անհամբերութենեն կեռա ու տարօրինակ ճարպիկությունով մը կջանա փախչիլ իր թուրք ընկերներու ձեռքեն: ճամփան քանիցս կասկածի կենթարկվի ու միշտ օձիքը կազատե ու հևիհև, շնչասպառ, կհասնի Ղարս-Բազար, կարթնցնե անգիտակից ու ապահովության մեջ քնացող հայրենակիցները ու այդպեսով պատճառ կըլլա, որ հանկարծակիի չգան: Դեպքին բոլոր տևողությանը՝ Ճին Թորոս կմնա իր եղբայրներուն քով, իր զենքն ու իր բազուկները կդնե անոնց տրամադրության ներքև, կկազմակերպե դիմադրությունը, ու իր անվեհեր քաջությամբ, սիրտերը բարձր կբռնե:

Ճին Թորո՜ս…: Խանդաղատանքե լալու պատրաստ են ամենքը. երեկվան աննշան ոստիկանը, թերևս հոգիով ու մարմինով թրքացած հայը հանկարծ կարթննա իր ազգային ցավին մեջ, ու իրենց նախախնամությունը կդառնա:

Երբ այր հյուրերը կշատնան, կիները կքաշվին կերթան, բայց կից սրահին մեջ կհավաքվին ու դռանը մոտ, իրարու վրա դիզված, մտիկ կընեն ու կդիտեն մեզի. կուզեն իրենք ալ հաղորդակից ըլլալ մեր բերած լուրերուն, մեր դիտողություններուն, մեր հավանություններուն. իրենց խանդագին ու սև աչքերը սևեռած են մեր վրա և հետո հետաքրքիր են գիտնալու, թե կրկին պիտի ենթարկվի՞ն նույն սարսափներուն, նույն սոսկումներուն:

Այրերն ալ նվազ ընկճված չեն. զրեթե զարմացած են իրենց արարքին վրա. ոչ մեկ հոխորտանք, ոչ մեկ հպարտություն չերևար իրենց աչքերուն մեջ, ինչպես հավակնոտ բառ չի գար իրենց շրթունքներուն վրա: Ընդհակառակը, ապշած մտիկ կընեն մեր քաջալերության ու հավանության խոսքերը, ու կարծես ավելի միտում ունին հավատալու, թե իրենց հաջողության գաղտնիքն անիմանալի ու անբացատրելի դիպվածի կամ աստվածային տրամադրության մը մեջ է, քան իրենց յուրաքանչյուրին անհատական ինչպես նաև հավաքական քաջության ու տոկունության մեջ: