Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիացիկ խանդավառությամբ մը կանդրադառնային մեր ձայնին վստահության, մեր խոսքերուն ազատության, անխոհեմության վրա. իրենց դարավոր տենչանքն անկաշկանդ շարժուձևի, մտքի ու խոսքի ազատության` գոհացած կգտնեին մասամբ, մեր մեջ, որ մեկ արյունե ու մեկ ցեղե ենք: Ու կուզեին ապահովել. ճշմարտապես հա՞յ էինք, իրենց կիներուն և աղջիկներուն պես, ճի՞շտ էր, որ որևէ ազատ ցեղի միջամտություն չկար մեր հարազատության մեջ: Ու երբ կիմանային թե ոչ միայն հայ, այլև թրքահպատակ իրենց պես, թե` որևէ ոստիկան, որևէ պաշտոնյա իշխանություն ուներ իմ վրաս, թե կարող էին հրամայել ինծի ու արգիլել զիս, կացությունն անբացատրելի կդառնար ու կասկածոտ մտատանջության մեջ կիյնային:

Մեր խոսակցությունն ընդհատեցավ դարավոր ծերունիի մը երևույթով…:

Ամենքը ոտքի ելան ու մեկը թևեն բռնելով առաջնորդեց զայն: Հաստ գավազանին վրա կռթնած ու երկուքի ծռած պատկառելի ծերունին` կառաջանար թեթև մը դողդոջելով, պատվո տեղը տվին իրեն ու ներկայացուցին զինքը մեզի: Տանտիրոջը մեծ հայրերեն մեկն էր. շատոնց հարյուրն անցուցած. ներկաներեն ամենեն տարեցները կխոստովանին, թե միշտ զինքը ծերունի ճանչցած էին, անոնք, որ զինքը տեսած էին երիտասարդ ու տարիքի չափավոր հասունության մեջ, տարիներե ի վեր հանգչած էին արդեն հայրենի հողին մեջ ու իրենց ոսկորներուն հետքը չէր մնացած: Դեպքի միջոցին, ծերունին գտնվեր էր մոտակա գյուղ մը ու քանի մը անգամ թշնամիին բազուկը բարձրացեր էր իր վրա, բայց այն նախախնամությունը, որ երկար կյանք շնորհել էր իրեն` այս անգամ ալ զինքն ազատեր էր ու նահապետը կրցեր էր գալ իրեններուն մոտիկ:

Երբ իրեն հատկացված տեղը բազմեցավ, այն ատեն միայն ծերունին իր գոսացած վիզը կրցավ բարձրացնել ու նայիլ շուրջը: Երկար ատենե ի վեր արդեն աշխարհային հոգերը, ցավերն անտարբեր ձգելու էին զինքը, որովհետև այնպիսի կատարյալ անշարժություն մը կար դեմքին վրա, որ կարծես կյանքն անհետացած ըլլար անոր վրայեն: Հողի գույն այտերը, փղոսկրյա ճակատը, տժգույն և թառամած շրթունքը ոչ մեկ կենսականություն ցույց կուտային. գլուխը