Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու ջղաձգված դեմքերուն վրա ուրիշ բան չէին կարող տեսնել, այլ միմիայն իրենց իսկական ցավերուն արտացոլումը:

Քանի՜, քանի՜ անգամներ մտադրած էինք ապառաժի պես ամուր երևալ ցավագին ամբոխին, քաջաբար խեղդել մեր հոգիին խորը փոթորկող ցավերն ու հուզումները, ետ դարձնել մեր աչքերն այրող ար ցունքները, ժպտադեմ ու անդրդվելի երևալ վշտացածներուն, որպես զի անոնք մեր հանդարտության և առերևույթ անտարբերության մեջ վստահություն և հույս կարենային գտնել:

Այլ սակայն այն օրը չհաջողեցանք մեր այդ դիտավորության մեջ ու երբեք ալ չպիտի հաջողեինք:

Կինը միշտ փարած ծունկերուս՝ կարտասվեր, ու իր գալարված վտիտ անդամները, իր՝ քդանցքներուս կառչած ձեռքերը, մանկան, խելակորույս մանկան երևույթը կուտային իրեն:

- Ինչ որ ըսեք պարապ է, ֊կհեկեկեր անիկա.- մեղք է մեգի՜… ձեզի պես քանիներ եկան անցան, անուշ խոսքերով խաբեցին ու զուլումին օրերուն ձգեցին մեզի: «Ալ այդպես բան չի պատահիր» կըսեք, ինչո՞ւ, ի՞նչ բանի համար չպատահի, քանի մենք աս հողին վրա ենք, անոնց գերին ե՜նք…: Վա՜յ մեզի, վա՜յ մեր գլխուն… ո՞վ մեր ճարը պիտի նայի, ո՞վ մեր տերտը պիտի հասկնա. դժոխքի կրակի պես անմոռանալի կրակ է անոնց ատելությունը…: Ելնենք երթանք, ամենքս ալ երթանք ձեզի հետ. ձեր աչքերովը տեսաք, ձեր ականջներովը լսեցիք, մեզի հոս մի՛ ձգեք… կերած հացերնիս չենք մարսեր, հարամ է, բերանս պատառ մը դրած ատենս հանեմ նետեմ կըսեմ, ինչո՞ւ ապրինք, ի՞նչ բանի համար ապրինք…: Մեր մարդկությունն ուրացան, մեզի շունի տեղ անգամ չդրին… մեզի կսպանեին ըսելով «դուք Աստված չունիք.- ինչպես ձեր Քրիստոսը չարչարվելով մեռավ, այնպես ալ ամեն մեկդ չարչարվելով պիտի մեռնիք»… մի ձգեք մեզի մեր թշնամիին ճանկին տակ… հետերնիդ տարե՜ք, ամենքս ալ տարե՜ք… այս աշխարհիս վրա ուրիշ երկինք չկա՛ արդյոք, ուրիշ միլլեթ չկա՞… ի՞նչ դժոխք է…: մեր ըսածները դեռ քիչ են, հազարին մեկը չէ՛… մի՛ ձգեք մեզի… մեր խոսքերուն մտիկ մի՛ ընեք, գացեք վերանեները նայեցեք, այս անիծված հողին վրա թափված արցունքներով ծով կըլլա՜ր. ոչ մալե խեր կա, ոչ զավակե… մենք անոնց գերին ենք… վա՜յ մեր գլխուն…: